Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը դիմում է իր անդամներին և բարեկամներին "Հայաստան" համահայկական հիմնադրամի նոյեմբերի 25-ի հեռուստամարաթոնին աջակցելու կոչով
Հրապարակվել է Նոյեմբեր 11, 2010
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) կոչ է անում Միության անդամներին, բարեկամներին և հանրությանը իրենց նվիրատվությունն անելու "Հայաստան" համահայկական հիմնադրամի "Ջուրը կյանք է" հեռուստամարաթոնին, որը տեղի կունենա Լոս Անջելեսում, նոյեմբերի 25-ին` Գոհաբանության օրը:

Ավելի քան մեկ տասնամյակ այս հեռուստամարաթոնը հսկայական դեր է ունեցել սփյուռքի, Հայաստանի և Արցախի հայությանը միավորելու գործում:

Ձեր այս տարվա հանգանակությունները կուղղվեն Արցախի ջրային ենթակառուցվածքների վերականգնմանը և խմելու ջրի համակարգի անցկացմանը, որը կնպաստի այդ շրջաններում արցախցիների կենսամակարդակի բարձրացմանը: Ներկայումս Արցախի մոտ 200 գյուղեր զրկված են խմելու ջրից:
Հեռուստամարաթոնը միաժամանակ կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրին, որից արդեն իսկ օգտվել են Հայաստանի և Արցախի սահմանամերձ ավելի քան 20 գյուղական համայնքներ:

Անկախության համար պայքարի առաջին իսկ օրերից ՀԲԸՄ-ն աջակցել է Արցախի քաղաքացիներին շարունակական ճնշումների դեմ և ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարում:
Ձեր ներդրումը "Հայաստան" համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին կշարունակի արցախցիներին աջակցելու ավանդույթը` երաշխավորելով բարեկեցիկ կյանք և պայծառ ապագա Արցախի ժողովրդի համար:

18 տարի առաջ իր ստեղծումից ի վեր "Հայաստան" համահայկական հիմնադրամը ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր է իրականցրել Հայաստանում և Արցախում: Այն կառուցել և վերակառուցել է ավելի քան 470կմ երկարությամբ ճանապարհ, 212կմ երկարությամբ ջրագիծ ու ջրատար, 144կմ գազատար, շուրջ 218 դպրոց և մանկապարտեզ, հարյուրավոր բնակելի կառույցներ, առողջապահական հիմնարկներ, մշակութային կենտրոններ ի շահ հայ ժողովրդի:

Հեռուստամարաթոնը դիտելու և նվիրատվություն կատարելու կարգի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք Հայաստան Համահայկական Հիմնադրամի կայք. www.himnadram.org

ՀԲԸՄ-ն ստեղծվել է 1906 թվականին (www.agbu.org) և աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ն պահպանում և տարածում է հայ ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով` իր աջակցությունը բերելով տարեկան 400,000 հայերի ողջ աշխարհում: