“Քեզ համար, Հայաստան” բարեգործական համերգ` նվիրված “Հայաստան” համահայկական հիմնադրամի “Հեռուստամարաթոն 2008”-ին
Տեղադրվել է Նոյեմբեր 21, 2008
Երեւանի երեք երաժշտական կրթօջախների` Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի, Կ.Սարաջյանի անվան երաժշտական եւ Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցների սաները նոյեմբերի 24-ին ժամը 18:00-ին “Առնո Բաբաջանյան” համերգասրահում հանդես կգան “Քեզ համար, Հայաստան” խորագիրը կրող բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի “Հայաստան” համահայկական հիմնադրամի “Հեռուստամարաթոն 2008”-ին:
Այս նախաձեռնությունը կլինի մեր պատանի երաժիշտների ներդրումը Հիմնադրամի կողմից որդեգրված գյուղական զարգացման ծրագրին, որի շրջանակներում այս տարի նախատեսվում է կենսական կարեւորության ենթակառուցվածքների` դպրոցների ու մանկապարտեզների, ջրատարների ու գազատարների կառուցում ու վերակառուցում Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքներում:

Ծրագրում ներառված են հայկական, արեւմտաեվրոպական դասական սիրված ստեղծագործություններ, որոնց կատարմամբ հանդես կգան դպրոցների լավագույն սաները, նրանց թվում միջազգային մրցույթների դափնեկիրներ: Կհնչեն նաեւ երգչախմբային գեղեցիկ կատարումներ:

“Հիմնադրամին նվիրված բարեգործական համերգներով մեր դպրոցների սաները նախկինում էլ են հանդես եկել: Կարծում եմ ազգային տուրքին մասնակցելը յուրաքանչյուրիս պարտքն է, եւ հայրենիքի նկատմամբ նվիրումի գաղափարը հենց նման միջոցառումներով է, որ ներմուծվում է,” - ասում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

Իր կրթական ծրագրերի շրջանակներում Հիմնադրամը տարիներ շարունակ ժամանակավոր օգտագործման համար երաժշտական գործիքներ է տրամադրում Արցախի եւ Հայաստանի երաժշտական դպրոցներում ուսանող անապահով ընտանիքների երեխաներին: Այսօրինակ աջակցություն ցուցաբերվել է նաեւ վերոհիշյալ դպրոցների համապատասխան սաներին:

“Էականն այն գումարները չեն, որ հավաքվում են մեր երիտասարդ նվիրատուների ջանքերով, այլ այն դաստիարակությունը, որ նրանք ստանում են այս նախաձեռնության շնորհիվ, եւ այն գիտակցությունը, որ կրթությունը մի հզոր ուժ է, որն օգնում է ճանաչել ու սիրել հայրենիքը եւ օգնության ձեռք մեկնել, երբ դրա կարիքը կա,”- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում եւ արտերկրում արդեն իսկ տեղի են ունեցել նմանատիպ բարեգործական համերգներ ու թատերական ներկայացումներ, ինչը վկայում է այն մասին, որ “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործունեությունը գնահատված է ու արդիական: