“Հայաստան” համահայկական հիմնադրամի համաեվրոպական “Հեռախոսամարաթոն-2008”-ի նախնական արդյունքը 1 200 000 եվրո է
Հրապարակվել է Նոյեմբեր 18, 2008
“Հայաստան” համահայկական հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմինը նոյեմբերի 13-16 անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հայտարարել է 1 200 000 եվրո (շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) նվիրատվությունների մասին:

Չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամին` այս տարվա ցուցանիշը մոտ 80 000 եվրոյով գերազանցում է նախորդ տարվանը: Գումարի մեծ մասը` 1 100 000 եվրո, հայտարարվել է Ֆրանսիայի մոտ 13 հազար նվիրատուների կողմից` այդ թվում անհատներ, ընտանիքիներ, գործարար կառույցներ եւ հայկական միություններ: Շուրջ 65 հազար եվրո է կազմել Գերմանիայից 1 100 նվիրատուների հայտարարած գումարը, իսկ Շվեյցարիայից այս անգամ ստացվել է 25 հազար եվրո նվիրատվության խոստում: Հեռախոսամարաթոնին մասնակցել են նաեւ այլ եվոպական երկրներից նվիրատուներ:

2008-ի հեռախոսամարաթոնն նշանակալի է ոչ միայն նվիրատուների, այլեւ ավելի քան 600 կամավորականների ակտիվ մասնակցությամբ, ովքեր միջոցառման ողջ ընթացքում կապ էին ապահովում նվիրատուների հետ 156 հեռախոսներից եւ համակարգիչներից, ֆրանսիայի տարբեր քաղաքներից` այդ թվում Լիոն, Մարսել, Թուլուզ, Նիցցա եւ Փարիզ:

Առանձնակի հիշատակման է արժանի այս տարվա` թվով իններորդ հեռախոսամարաթոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում “Հայաստան” համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի պատվավոր անդամի տիտղոս շնորհվեց արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանին, ով հանդիսանում է Ֆրանսիայում հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդը եւ Հիմնադրամի տեղական մարմնի հիմնադիրներից է:

Ամփոփելով համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքները Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախագահ Պետրոս Թերզյանը հայտնել է, որ հեռախոսամարաթոնները դրամահավաքի արդյունավետ միջոց են, եւ ներկայումս տարվում են աշխատանքներ 9 տարիների ձեռքբերված փորձով Հիմնադրամի այլ տեղական մարմինների հետ կիսվելու ուղղությամբ: Նա մասնավորապես նշել է .”Մեր օժանդակությամբ այս տարի առաջին անգամ կազմակերպում է նաեւ հեռախոսամարաթոն Նյու-Յորքում:Մեր փորձին ծանոթանալու նպատակով Ֆրանսիա էին ժամանել Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան ափի տեղական մարմնի կամավորականներ,եւ մոտ օրերս կհայտարարվի այս դրամահավաք միջոցառման պաշտոնական արդյունքը նույնպես”:

Հավելենք, որ առաջիկայում կանցկացվեն հեռախոսամարաթոններ Արգենտինայում, Ավստրալիայում եւ Հոլանդիայում, ինչպես նաեւ արդեն ավանդական դարձած ռադիոմարաթոնը Լիբանանում:

Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի հավաստմամբ.”Հիմնադրամը տարբեր միջոցներ եւ գործիքներ է օգտագործում ամենամյա դրամահավաքը կազմակերպելու համար. թե հեռախոսամարաթոնները, թե ռադիոմարաթոնը, թե դրամահավաք-ճաշկերույթներն եւ ի վերջո հեռուստամարաթոնը հաջողությամբ են պսակվում հատկապես այն պատճառով, որ մենք մշտապես հավատարիմ ենք մեր առաքելությանը, այն է` համախմբել աշխարհասփյուռ հայությանը հայրենիքի շենացման գերնպատակի շուրջ”:

Հիշեցնենք, որ բոլոր դրամահավաք միջոցառումները նախորդում են Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ինչպես միշտ Լոս Անջելեսում: Հիմնադրամին նվիրաբերված գումարները հիմնականում կուղղվեն Հայաստանի եւ Արցախի գյուղերի զարգացմանը: