ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը ծրագրեր է սկսում Լոռու մարզի սահմանամերձ գյուղերում
Հրապարակվել է Նոյեմբեր 12, 2008
Հայաստանի սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում` ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ազդարարում է Լոռու մարզի Ապավեն եւ Ձորամուտ համայնքներում խմելու ջրի ցանցերի վերակառուցման ծրագրերի մեկնարկը:

Ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել Կանադայի եւ Ֆրանսիայի հայ համայնքների օժանդակության շնորհիվ: Այս նախաձեռնությունները կյանքի կոչելով` Հիմնադրամը մոտ ապագայում կլուծի շահառու համայնքների բնակիչների խմելու ջրի հիմնախնդիրը: Արդեն մեկնարկել են Ապավեն գյուղի խողովակաշարի վերակառուցման շինարարական աշխատանքները, իսկ Ձորամուտի ծրագրի նախագծումը մոտենում է ավարտին:

130 բնակիչ ունեցող Ապավենը եւ Ձորամուտը` բնակչությունը` 420, այսօր կանգնած են բազմաթիվ հիմնախնդիրների առջեւ, որոնց մեծ մասը հատկանշական է Հայաստանի բոլոր սահմանամերձ համայնքների համար եւ այս կամ այն կերպ առնչվում է գյուղերում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բացակայությանը: Հենց այս հիմնախնդիրների լուծմանն է ուղղված ՙՀայաստան՚ հիմնադրամի Գյուղերի զարգացման ծրագիրը:

ՙՄարդիկ հաճախ հիվանդանում էին ժանգոտ խողովակներից վերցված ջուրը խմելուց՚,- ասում է Անուշ Սաղաբալյանը Ապավենից: ՙՄենք արդեն հուսահատվել էինք եւ սկզբում դժվարությամբ էինք հավատում, որ ՙՀայաստան՚ հիմնադրամը կօգնի մեզ: Հետո եկան շինարարական բրիգադները` մեր գյուղ նոր հույս բերելով իրենց հետ՚:

ՙՀուսով ենք, որ Ապավեն եւ Ձորամուտ համայնքներում խմելու ջրի հարցի լուծումը կթեթեւացնի սահմանից ընդհամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող եւ մեր հայրենիքի համար կարեւոր նշանակություն ունեցող այս գյուղերում ապրող մարդկանց կյանքը՚,- ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: ՙԻմ երախտագիտության խոսքն եմ ուղղում Կանադայում եւ Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներին, որոնց հայրենասիրությունը եւ առատաձեռնությունն կյանքի կոչեցին այս կարեւոր նախաձեռնությունները՚: