”Հայաստան” համահայկական հիմնադրամի երեւանյան դրամահավաք-ճաշկերույթի արդյունքում հայտարարվեց ավելի քան 30 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն
Հրապարակվել է Նոյեմբեր 04, 2008
Նոյմբերի 1-ին Երեւանում կայացավ հանդիսավոր դրամահավաք - ճաշկերույթ` նվիրված ”Հայաստան” համահայկական հիմնադրամի ”Հեռուստամարաթոն 2008”-ին, որը հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության Նախագահ, ”Հայաստան” համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ` Սերժ Սարգսյանի կողմից: Իր նախադեպը չունեցող միջոցառման ավարտին գրանցվեց շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Հիմնադրամի 16-ամյա պատմության մեջ առաջին անգամ ամենամյա դրամահավաքը նշանավորվեց Հայաստանի եւ Ռուսաստանի շուրջ 120 գործարար հայերի կամքի եւ ներուժի այս ամենավառ դրսեւորմամբ: Հանգանակված գումարները կուղղվեն Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքների զարգացման հրատապ խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ նպատակային բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամներից երեկոյին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Նախագահները, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը, խորհրդի անդամ նախարարներ, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը, ինչպես նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Դրամահավաք - ճաշկերույթը սկսվեց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, որին հաջորդեց Հանրապետության Նախագահի ողջույնի խոսքը. ””Հայաստան” համահայկական հիմնադրամի կարեւոր առաքելությունը հայտնի է բոլորին: Հայտնի են նաեւ մինչեւ հիմա կատարված հսկայածավալ աշխատանքները: Ամենամյա դրամահավաքը հրաշալի առիթ է մեր ժողովրդի բոլոր հատվածների, բոլոր խավերի ու տարիքային խմբերի համար` իրենց մասնակցությունը բերելու հայրենիքի շենացման շնորհակալ գործին: Սա առիթ է ամեն մի հայ անհատի համար իրեն զգալու ամբողջի մասնիկ, զգալու, որ ազգային միասնությունը վերացական ու վերամբարձ հասկացություն չէ, այլ իրական եւ հզոր ուժ է, որ կարող է իրոք սարեր շարժել: Սա առիթ է թե հայրենաբնակ եւ թե սփյուռքահայ յուրաքանչյուր ընտանիքի համար համազգային խնդիրների լուծման մաս կազմելու: Սա վերջապես գեղեցիկ առիթ եւ հնարավորություն է հայ գործարարների եւ բարերարների համար` լինելու հայրենաշեն ձեռնարկումների մասնակիցն ու հովանավորը:”
“Ես կոչ եմ անում բոլորին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին, լինել շռայլ, հավատարիմ մնալ հայ բարերարների եւ մեծահարուստների նվիրական ավանդույթներին. ավանդույթներ, որոնց շնորհիվ պահվել են մշակույթ ու կրթություն, եկեղեցի ու մանկատուն, մեծ հաշվով պահվել են երկիր ու ժողովուրդ` նույնիսկ պետականության բացակայության պայմաններում: Այս ավանդույթներն են, որ մենք պետք է լիարժեքորեն վերականգնենք ու զարգացնենք”,- իր խոսքում մասնավորապես նշեց Նախագահը:

Գործարարների կողմից արվող նվիրատվության խոստումները պարբերաբար հայտարարվում էին երեկոյի ընթացքում, որը վարում էր Հրանտ Թոխատյանը: Խոշոր նվիրատուների թվում են Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Կարապետյանը, Գենադի Ստեփանյանը, Աշոտ Խաչատուրյանը, Միխայիլ Բաղդասարովը, Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, Տիգրան Արզաքանցյանը, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, “Միքայել Վարդանյան” հիմնադրամը,”Էդուարդո Էռնեկյան” խումբը, Հայռուսգազարդը, Ղարաբաղ Տելեկոմը: Դրամահավաքին նվիրաբերված գումարները եւ նվիրատուների անունները կհայտարարվեն նաեւ հեռուստամարաթոնի օրը, ինչպես նաեւ կհրապարակվեն մամուլում:

“Մենք երախտագետ ենք բոլոր նրանց, ովքեր ոչ միայն անտարբեր չեն եղել Արցախի կյանքի նկատամբ, այլեւ մասնակից են եղել մեր բոլոր նվաճումներին: Մեր հայրենակիցները կիսել են մեզ հետ ոչ միայն մեր հաջողությունները, այլեւ մասնակցություն են ունեցել մեր բոլոր պրոբլեմների հաղթահարման գործում: Ես շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության Նախագահին նման նախաձեռնության համար, որի հիմքում միայն ու միայն միասնության գաղափարն է”, - ասաց Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանը: Իր կոչով ներկաներին խրախուսեց նաեւ Վեհափառ Հայրապետը:

Հիմնադրամի իրականացրած տարաբնույթ ծրագրերի մասին ներկաները տեղեկացան Հիմնադրամի գործունեությունը լուսաբանող հաշվետու ֆիլմից: Իսկ Ապավեն գյուղի մասին պատմող ֆիլմը ներկաներին եւս մեկ անգամ հիշեցրեց երկրում առկա այն հիմնախնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում: Երեկոյի ընթացքում առաջին անգամ հնչեց Արմեն Մարտիրոսյանի հեղինակած երգը` նվիրված Հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնին:

“ ”Հայաստան” հիմնադրամի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այսօր իրենց մասնակցությունը բերեցին Հիմնադրամի ծրագրերին: Վստահեցնում եմ, որ նվիրաբերված յուրաքանչյուր լումա կուղղվի մեր երկրում կարեւորագույն խնդիրների լուծմանը”,- իր շնորհակալական խոսքում նշեց Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հեռուստամարաթոնը կհեռարձակվի Նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսից: Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն է Վիվասել-ՄՏՍ ընկերությունը, հովանավորներն են Արդշինինվեստբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը եւ “Հայփոստ” ՓԲԸ-ն: