ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը ազդարարում է Տավուշի մարզի երկու սահմանամերձ գյուղերի գազամատակարարման ծրագրերի մեկնարկը
Հրապարակվել է Հոկտեմբեր 24, 2008
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն իր ՙԳյուղերի զարգացման ծրագրի՚ շրջանակներում երկու գազամատակարարման ծրագիր է նախաձեռնել Տավուշի մարզի Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերում:

Գազատարների շնորհիվ գյուղացիների համար այլեւս կլուծվի ձմռան ամիսներին տների ջեռուցման հարցը: Գյուղերում հնացած ենթակառուցվածքները` դպրոցները, բուժկետերը, ջրատարները, ճանապարհներն ու գազատարները լուրջ խոչընդոտ են հանդիսանում համայնքի տնտեսական զարգացման համար: Այսօր գյուղի ապագան մեծապես կախված է նաեւ բնական գազի ապահովումից:

Համայնքում բնական գազի բացակայությունն պատճառներից է, որ հաճախ ստիպում է մարդկանց լքել հարազատ գյուղերը: Տարիներ շարունակ համայնքների բնակիչները հատում են անտառները` մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին:

ՙԳյուղերում առկա դժվարություններն ուսումնասիրելիս հաշվի ենք առնում գյուղացիների կարծիքը, ստանձնում համայնքի ամենահրատապ խնդիրների լուծումանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամը միշտ եւ ամենուր օգնության ձեռք է մեկնում դրա կարիքն ունեցողներին՚,- նշում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: