ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցությունը Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատին
Հրապարակվել է Հոկտեմբեր 25, 2008
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, շարունակելով աջակցել տուն-ինտերնատին, հոկտեմբերի 23-ին սոցիալական օգնության շրջանակներում 220 ծածկոց տրամադրեց ինտերնատի բնակիչներին:

Ծրագիրն իրականացվել է նյույորքցի երիտասարդ հայուհի Անահիտ Ուգուրլայանի նվիրատվությամբ: Նա ամեն տարի վազքի դրամահավաք մարաթոն է անցկացնում ԱՄՆ-ի մի քանի նահանգներոմ` հասույթը տրամադրելով բարեգործական նպատակների համար: Նախորդ տարվա Հեմփթոնի վազքի մարաթոնի հասույթը նա նվիրաբերեց Երեւանի N 1 տուն-ինտերնատին` շարունակելով ընտանիքի բարեկամ Աննա Քայալոֆի նախաձեռնությունը, ում նվիրատվություններով 2007թ-ին ամբողջովին նորոգվեց ինտերնատի 2-րդ մասնաշենքը: 135000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի շնորհիվ վերանորոգվեցին մասնաշենքի 27 սենյակները, սանհանգույցները եւ ներքին ջրամատակարարման խողովակները:
Այսօր տուն-ինտերնատում 310 տարեց է բնակվում, որից 50-ը` անօթեւաններ: Տարացներից մեկը` Տիկին Ջեմման ասում է, որ վերանորոգումից հետո ստեղծված կենցաղային պայմաններն ավելի հարմարավետ ու հաճելի են դարձել:
Տիկին Էլզան ինտերնատի այն բնակիչներից է, ով արդեն 12 տարի է, ինչ այստեղ է բնակվում: 1992-ին Լեռնային Ղարաբաղից Երեւան տեղափոխվելուց եւ մորը կորցնելուց հետո նրա միակ ընտանքն այսօր ինտերնատի բնակիչներն են ու աշխատակազմը: ՙՆախկինում պայմանները շատ վատ էին, այսօրվա հետ հնարավոր չի համեմատել: Հիմա լավ սենյակներ ունենք, 24-ժամյա տաք ջուր: Մեզ շատ լավ են խնամում՚,- հավաստում է տիկին Էլզան:

ՙԻնտերնատն իսկապես շարունակաբար իրականացվող վերանորոգման ծրագրերի կարիք ունի: Մենք շատ շնորհակալ ենք մեր բարերարներին, որ հնարավորության դեպքում միշտ էլ օգնում են մեզ ՚,- ասում է ինտերնատի տնօրեն Դավիթ Շահբազյանը:

ՙՀիմնադրամը միշտ ձգտում է ապահովել ծրագրերի շարունակականությունը: Տարեցներին ու անապահով մարդկանց հուսալի կյանք ապահովելն ու կյանքի նկատմամբ հավատ վերադարձնելը բոլորիս խնդիրը պետք է լինի՚,- նշում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: