ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն աջակցում է Բեյրութի, Սիրիայի, Հալեպի հայկական համայնքներին
Հրապարակվել է Սեպտեմբեր 29, 2008
Հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը ս.թ. հոկտեմբերի 4-6-ին բարեգործական համերգներով հանդես կգա Բեյրութի, Սիրիայի եւ Հալեպի հայկական համայնքների առջեւ: Համերգի կազմակերպչական եւ համակարգման աշխատանքներն իրականացնում է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինը` հանձին ատենապետ Ժիլբերտ Մոմջյանի, Լիբանանի եւ Սիրիայի հայ համազգային հանձնախմբերի հետ միասին: Համերգից ստացված հասույթը կուղղվի տեղի հայ համայնքներին աջակցելուն. մասնավորապես` Լիբանանի Հայ խաչի միջոցով կիրականացվեն բժշկական օգնության, ինչպես նաեւ կրթության եւ մշակույթի խթանմանն ուղղված ծրագրեր:

Բարեգործական համերգաշարից հետո Վարդան Մամիկոնյանը կժամանի Երեւան` մասնակցելու դասական երաժշտության փառատոնին: Այս համերգները նպատակ ունեն նաեւ պահպանել ու ամրապնդել մշակութային կապը հայկական սփյուռքի հետ, ինչպես նաեւ կրթել սփյուռքահայ երիտասարդությանը:
, ասում է պարոն Մոմջյանը:

Վարդան Մամիկոնյանն ուսանել է Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան դպրոցում, ապա Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, որտեղ նրան դասավանդել է լեգենդար դաշնակահար Հենրիխ Նյուհաուսի աշակերտ Վալերի Կաստելսկին: 1991թ.-ից Մամիկոնյանը բնակվում է Փարիզում: Միջազգային համբավի արժանացած դաշնակահարին հանդիսատեսն ունկնդրել է աշխարհի բարձրակարգ բեմերում` Վիեննայում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, Սան Ֆրանցիսկոյում, Վաշինգտոնում եւ այլուր: 1992թ. Մամիկոնյանը ճանաչվեց Մոնտե Կառլոյում կայացած աշխարհի երաժշտական վարպետների մրցույթի հաղթող: 2007-2008թթ. Վարդան Մամիկոնյանը նվագախմբի հետ հանդես կգա Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Շվեդիայի համերգային դահլիճներում:

Վարդան Մամիկոնյանի համերգն աննախադեպ չէ. բարեգործական համերգներով այս համայնքներում նախկինում հանդես է եկել նաեւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Երգչուհին պատրաստակամություն էր հայտնել բենեֆիս համերգներով հանդես գալ սփյուռքի հայ համայնքներում եւ ստացված միջոցները ծառայեցնել այդ համայնքներում տեղ գտած խնդիրների լուծմանը: