ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է Մատաղիսի մանկապարտեզի վերակառուցման ու կահավորման ծրագիրը
Հրապարակվել է Հուլիս 15, 2008
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մանկապարտեզի վերակառուցումն ու կահավորումը: Շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Հիմնադրամի Լիբանանի տեղական մարմնի կողմից:

2007 թվականին, երբ ՙՀայաստան՚ հիմնադրամի Տորոնտոյի հանձնախմբի ֆինանսավորմամբ կառուցվեց 120 աշակերտի համար նախատեսված ընդարձակ ժամանակակից դպրոցը, որոշվեց գյուղի նախկին դպրոցը վերակառուցել մանկապարտեզի:



Այժմ 30 երեխա կարող է հաճախել գյուղի նորակառույց մեկ հարկանի մանկապարտեզը: Հովանավորները նաեւ հոգացել են մանկապարտեզի կահավորման հարցը: Շենքի բակում կառուցվել է խաղահրապարակ:
Դայակներ ու դաստիարակներ ընտրելուն պես մանկապարտեզն իր դռները կբացի մանուկների առջեւ:

ՙԴժվար է ասել, թե ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շարքում որոնք են ավելի կարեւոր, բայց մի բան հստակ կարող եմ ասել. երեխաների դաստիարակության եւ կրթության հետ կապված ծրագրերը առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար: Հպարտ ենք, որ մեր ջանքերի շնորհիվ այնպիսի փոքրիկ գյուղ, ինչպիսին Մատաղիսն է, ունեցավ եւ ժամանակակից գեղեցիկ դպրոց եւ հարմարավետ մանկապարտեզ՚,- ասաց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: