ՀՀ ԱԺ Նախագահի նվիրատվությունը Հայաստանի եւ Արցախի ազատամարտիկների երեխաներին
Հրապարակվել է Հուլիս 22, 2008

Տիգրան Թորոսյանը ՀՀ Ազգային Ժողովի Նախագահի ֆոնդից երեք միլիոն դրամ նպատակային հատկացում է կատարել ≪Հայաստան≫ համահայկական հիմնադրամին:

Գումարն ամբողջությամբ կուղղվի ՙՆպաստներ Հայաստանի եւ Արցախի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին՚ ծրագրին եւ կբավականացնի մեկ ամսվա նպաստն ամբողջությամբ տրամադրելու համար: Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանին ուղղված իր պաշտոնական գրության մեջ ԱԺ Նախագահը համոզմունք է հայտնել, որ ՙԱյս ծրագրի անխափան իրագործումը մեր պետության պարտքն է եւ մեր բոլորի պատվի խնդիրը՚:

≪Նպաստներ≫ Հայաստանի եւ Արցախի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին՚ ծրագիրն իրականացվում է շուրջ տասներեք տարի, որի շրջանակներում վճարումները հիմնականում կատարվում են Հիմնադրամում ստեղծված տասներկու մնայուն ֆոնդերից առաջացած տոկոսների հաշվին, ինչպես նաեւ Իզմիրլյան հիմնադրամի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի եւ Ֆրանսիայի տեղական մարմինների կողմից տարին մեկ անգամ հատկացվող գումարներից եւ այլ նպատակային նվիրատվություններից:

Հիշեցնենք, որ մոսկվայաբնակ պրոֆեսոր Յուրի Բարսեղովն այս տարի իրեն շնորհված Հանրապետության Նախագահի մրցանակի դրամական պարգեւը սիրով տրամադրել է ծրագրին: Դրան հաջորդել է ՎիվաՍելի նվիրաբերած գումարի մի մասի հատկացումն այս ծրագրի կարիքներին:

Վերջերս Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը Հայաստանի եւ Արցախի բոլոր նպաստառու ընտանիքներին նամակ հղեց, որը Հայաստանում ՀայՓոստ կազմակերպությունն անվարձահատույց փոխանցել է բոլոր հասցեատերերին: Նամակում նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր նվիրատուներից: Իր հավաստմամբ` ՙԳումարային օժանդակությունից զատ Հիմնադրամը պարտավոր է փոխանցել նպաստառուներին այն մարդկային ջերմությունն ու երախտագիտության զգացողությունը, որ մեր նվիրատուները տածում եմ ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ: Այս իմաստով նույնպես չափազանց գնահատելի է ԱԺ Նախագահ, Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամ Տիգրան Թորոսյանի վերաբերմունքը՚: