ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտում է հինգ ծրագիր ԼՂՀ Հադրութի շրջանում
Հրապարակվել է Հուլիս 30, 2008

≪Հայաստան≫ համահայկական հիմնադրամի կողմից ԼՂՀ Հադրութի շրջանում ներկայումս իրականացվող հինգ ծրագրեր ավարտական փուլում են: Այստեղ սեպտեմբերի սկզբին նախատեսվում է իրականացնել պաշտոնական բացումներ:


Տողի դպրոց


Ծրագրերի մի մասն իրականացվել է ՙԱրցախի վերածնունդ՚-ի շրջանակներում, որում Հադրութի շրջանի վերականգնումն ու զարգացումը նախատեսվել էր որպես երկրորդ փուլ: Այս ծրագրերը ֆինանսվորվել են Հեռուստամարաթոն 2006-ից ստացված միջոցներով: Դրանցից են` Տող-Հադրութ գազամուղի կառուցման, Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի վերականգնման, Տողի դպրոցի վերակառուցման ծրագրերը: Նշվածներից առաջին երկուսը հիմնականում ֆինանսավորվել են Հիմնադրամի Ֆրանսիայաի տեղական մարմնի, իսկ վերջինը` ԱՄՆ Արեւմտյան ափի տեղական մարմնի կողմից:


Տող-Հադրութ գազամուղ


Քսան կիլոմետր երկարությամբ ՙՏող-Հադրութ՚ գազամուղի կառուցման աշխատանքները շատ շուտով կավարտվեն: Նոր կառուցված գազատարի շնորհիվ Հադրութ քաղաքը եւ շրջակա յոթ գյուղերը կստանան շուրջօրյա գազամատակարարում, ինչը կլուծի շուրջ 5200 բնակչի սոցիալ- տնտեսական խնդիրները:

Ենթակառուցվածքների զարգացման առումով ոչ պակաս կարեւոր Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի վերականգնման ծրագրի աշխատանքները նույնպես եզրափակիչ փուլում են: Այն ներառում է 20 կմ երկարությամբ ջրագծի կառուցում, ինչպես նաեւ խորքային հորերի վերակառուցում, որոնցից նույնպես քաղաքը ջուր է ստանում: Հիշեցնենք, որ Հադրութ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հիմնադրամը նախկինում եւս երկու ծրագիր է իրականացրել: Կառուցվել էր Պարզգետ-Հադրութ ջրատարը եւ Հադրութ քաղաքում ջրամաքրման կայան:


Հադրութի հիվանդանոց


Առողջապահության համակարգի զարգացման ոլորտում ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մամնի հավանավորությամբ իրականացվել է Հադրութի շրջանային հիվանդանոցի վերակառուցումը: Մեկ ամսից շրջանը կունենա 40 հիվանդի համար նախատեսված բարեկարգ հիվանդանոց` համալրված նոր վիրահատարանով, ռենտգեն կաբինետով, առանձին ինֆեկցիոն բաժանմունքով, լուսավոր ու ընդարձակ հիվանդասենյակներով: Հիմնադրամն ամբողջությամբ հոգացել է ինչպես կահավորման, այնպես էլ հիվանդանոցին շտապ օգնության մեքենայի տրամադրման ծախսերը:

Ավարտվել է նաեւ Ֆրանսիայաի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացված Ակնաղբյուր գյուղի դպրոցի վերանորոգումը:

≪Հայաստան≫ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի հավաստմամբ ≪Սեպտեմբերի սկզբին հադրութցիներն Արցախի անկախության 17-ամյակը կնշեն սոցիալ-տնտեսական մի շարք կարեւորագույն խնդիրներ արդեն իսկ լուծած≫: