Ֆրանսահայ բժիշկների միության աջակցությունը Լոռու մարզին
Հրապարակվել է Սեպտեմբեր 01, 2008
Օրերս ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ Հայաստան այցելած ՙՖրանսահայ բժշկական միության՚ անդամները բարեգործական ծրագիր իրականացրեցին Լոռու մարզի 7 գյուղական համայնքներում:
Ծրագրի շրջանակներում աչքի հետազոտության ենթարկվեցին ավելի քան 400 երեխաներ եւ մեծահասակներ: Նախապես ծրագրվում էր միայն դպրոցահասակ երեխաների հետազոտում, այնուհանդերձ հետազոտվեցին նաեւ նախադպրոցական տարիքի երեխաներ եւ բազմաթիվ մեծահասակներ: Մեծավան համայնքի բուժկետում հետազոտվեցին նաեւ Ձյունաշող եւ Պաղաղբյուր գյուղերի բնակիչները, իսկ Ձորամուտի դպրոցում բժշկական ծառայություն մատուցվեց նաեւ Գոգավանի, Արծնիի եւ Ապավենի բնակիչներին: Գյուղական համայնքներում բժշկական ընդունելությունները կազմակերպվել էին Հիմնադրամի աշխատակիցների կողմից:

Գարնանը ֆրանսահայ բժիշկներն այցելել էին նշված յոթ գյուղերը` բուժակներին վերապատրաստելու եւ տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին ցուցակագրելու համար: Այս անգամ նրանք վերադարձել էին իրենց հետ բերելով բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, ինչպես նաեւ ակնոցներ, որոնք ըստ անհրաժեշտության, անվճար տրամադրվեցին գյուղացիներին:


ՙՖրանսահայ բժշկական միությունը՚ միավորում է Ֆրանսիայում բնակվող, առողջապահության ոլորտի ամենատարբեր մասնագետների` վիրաբույժների, ակնաբույժների, ատամնաբույժների, անասնաբույժերի եւ դեղագործների: Միությունը ստեղծվել է 1975 թ.-ին Փարիզում: 88-ի ավերիչ երկրաշարժի օրերից ի վեր ՙՖրանսահայ բժշկական միությունն՚ անընդմեջ բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ Արցախում: Դրանց թվին են պատկանում արդեն հինգերորդ տարին Հայաստանում իրականացվող ակնաբուժական բարեգործական ծրագրերը:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի կարծիքով, ՙ Հիմնադրամը միշտ պատրաստ է ցանկացած բարեգործական ծրագրի բերել իր աջակցությունը: Հիմնադրամը նմանատիպ ծրագրերի շնորհիվ նպաստում է մեր փոքր համայնքների եւ աշխարհի ամենատարբեր անկյուններում գործող հայկական կառույցների միջեւ ամուր կապերի հաստատմանը՚: