ՙՍիրահարների՚ այգու բարեկարգման ծրագիր
Հրապարակվել է Ապրիլ 28, 2008
ՙՍիրահարների՚ այգու շինարարական աշխատանքները վերսկսեցին սույն թվականի մարտի 15-ին: Այգու բարեկարգումն իրականացվում է ՙՊողոսյան՚ հիմնադրամի եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի համատեղ գործունեությամբ: Ծրագրի շրջանակներում կիրականացվի նաեւ այգու հետագա շահագործումը: Ընթացիկ տարվա սեպտեմբերին այգին հանդիսավորությամբ կբացի իր դռները նոր տեսքով, նոր հմայքով:

Այսօր այգում կատարվում են լայնածավալ շինարարական բարեկարգման աշխատանքներ: Այգու ընդհանուր տարածքը 1.6 հա է, որից 1.05 հեկտարը կլինի կանաչապատ: Այգում նստարանների քանակը կլինի մոտ 150 գծամետրի չափով: Այգին կունենա երկու ջրվեժներ, լճակ, ամֆիթատրոն իր` ավելի քան 200 նստատեղով, բացօթյա սրճարան, ավազապատ ճեմուղիներ մարզումներ անցկացնող անձանց համար եւ տաղավար-շվաքարաններ` սեղանի խաղերի համար:

Վերակենդանացած այգու ծառերի քանակը կգերազանցի 300-ը: Մինչ շինարարական աշխատանքները սկսելը, մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների եւ քաղաքապետարանի մասնագետների կողմից ուսումնասիրվեցին ծառերի վիճակը: Դրա արդյունքում առաձնացվեցին թվով 19 չորացած ծառեր, որոնցից 16-ը հատվեցին, իսկ 3 նմանատիպ ծառեր պահպանվեցին գեղազարդման (դեկորատիվ) նպատակներով։ Այգու նախագծման աշխատանքների արդիական լինելու մասին է խոսում նաեւ սակավաշարժ այցելուների նկատմամբ վերաբերմունքը. այգում չկան աստիճաններ, իսկ հանրային զուգարաններում կան հատուկ զուգարանախցիկներ:

Բարեկարգման նախագիծը մշակվել է շվեցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ Պիեռ Ռամբախի կողմից: Հիմնական համաշինարարական աշխատանքները իրականացնում է ՙԳյուղտնտշինմոնտաժ թիվ 1՚ ՓԲԸ-ն: Այգու աշխատանքներն համակարգվում եւ վերահսկվում են Համակարգող գրասենյակի կողմից, որը տեղակայված է այգու հարեւանությամբ:

Վերկենդանացած ՙՍիրահարների՚ այգին մի անգնահատելի նվեր է Պողոսյան ընտանիքի կողմից Երեւան քաղաքին եւ նրա բնակիչներին:

Հավելյալ տեղեկությունների եւ առաջարկությունների համար խնդրում ենք դիմել Համակարգող գրասենյակի անձնակազմին, ովքեր սիրով կպատասխանեն ձեր հարցերին եւ կներկայացնեն այգու աշխատանքների ընթացքը: