Հայ
Պողոսյանների բազմանդամ ընտանիքի` լուսավոր տան մասին երազանքն իրականություն է
Հրապարակվել է Դեկտեմբեր 07, 2017

Երազանքների լուսավոր տան մասին պատմություններով են Հրայրն ու Սուսաննան մեծացրել 5 երեխաներին: 4 սենյականոց տան դիմաց ձգվող կարմիր ժապավենը կտրում են ու էլի չեն հավատում` երազանքն իրականություն է: Արցախի Ճարտար քաղաքում ապրող Պողոսյանների բազմազավակ ընտանիքը բնակարանամուտը նշում է Տորոնտոյի Հայաստան հիմնադրամի բարերար Գարբիս Նորյանի շնորհիվ: Հենց նրա նվիրատվությամբ է կառուցվել ու կահավորվել Հրայրի և Սուսաննայի տունը, որի շինարարությունը սկսվել էր 2016 թ. հոկտեմբերին:

Հրայրն ու Սուսաննան ունեն 4 դուստր և մեկ որդի: Ավագը` Ամալյան սովորում է Արցախի պետական համալսարանում: Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում է: Հոր հպարտությունն է: «Ամալիկս մեծ գիտնական է դառնալու, մեր Ճարտարի անունը աշխարհն իմանալու է նրա շնորհիվ», - ասում է Հրայրը: Հրանուշը, Անուշը և Վարդանուշը դպրոցական են, նույնպես գերազանցիկ են, համապետական օլիմպիադաների հաղթող: Տան կրտսերը Արամն է: 5-րդ դասարանում է սովորում: «Հորս անունն եմ դրել, որ պապի պես քաջ զինվոր դառնա: Հայրս Արցախյան պատերազմում է զոհվել: Մայրս մահացել էր փոքր եղբորս ծննդաբերելու ժամանակ: Նրան էլ երեխաներիս հետ եմ մեծացրել: Միասին ենք ապրում: Մյուս տարի կամուսնանա ու իր տունը կկառուցի», - պատմում է Հրայրը:

Անասնապահ է: Պողոսյանների բազմանդամ ընտանիքի ամսական եկամուտը Հրայրի վաստակած 35 հազար դրամն է: Նախկինում 8 հոգով ապրում էին կիսախարխուլ մեկ սենյակ ու մի պատշգամբ ունեցող տանը: Պողոսյանների ընտանիքը ընթացիկ տարում 12-րդն էր, որ նոր նպատակներով ու երազանքներով տարեմուտը կնշի նորակառույց տանը: Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում տուն է նվիրել 25 ընտանիքի: Եվս 10 ընտանիք էլ սպասում է նոր տանը: