Մի Կոճողուտ, մի ոսկե հարսանիք, մի դարավոր պատմություն
Հրապարակվել է Փետրվար 13, 2018

«Հին դպրոցի կողքին կիսախարխուլ, անհրապույր մի շենք կար, մեր հարսանիքն այնտեղ արեցինք: Սկեսուրս միայնակ կին էր, ամուսնուն պատերազմում էր կորցրել, միակ որդու պսակադրությունն ուզում էր ճոխ լինի, բայց այն ժամանակ հնարավորություններ չկային: Իսկական հարսանիքի երազանքով էլ ապրեցինք 50 տարի», - Գալյա տատը կիսվում է կեսդարյա հիշողություններով, երբ թևանցուկ քայլում ենք դեպի Կոճողուտի համայնքային կենտրոն, մտնում ենք հանդիսությունների սրահ, կանգնում է, ժպտում` այտերի վարդագույնն ավելի է ընդգծվում, - «Այ էն բարձր բեմին էինք նստել ես ու Ռադիկը: Ամբողջ գյուղը հրավիրված էր: Է՜ն ինչ լավ քեֆ արեցինք, ուրախացանք: Սկեսուրիս մուրազն էլ կատարվեց»: Ռադիկ և Գալյա Վանյանների «ոսկե հարսանիքը» Կոճողուտում նշել էին հոկտեմբերի 29-ին, նորակառույց համայնքային կենտրոնի հանդիսությունների սրահում: Կենտրոնը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ: «Շինարարության առաջին օրից այստեղ եմ եղել, - պատմում է Գալյա տատին, համայնքային կենտրոնում հավաքարար է աշխատել, - «Մաքրել, սրբել, ինչով կարողացել եմ, օգնել եմ: Հիմա էլ թոշակի եմ անցել, գալիս վայելում եմ, բայց էն ժամանակ համայնքային կենտրոն չէր, ակումբ էինք ասում»:

Համայնքային նման կենտրոնները նորույթ են Արցախի ու Հայաստանի գյուղերում: Բազմաֆունկցիոնալ այս շենքերում, որոնք կառուցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, տեղակայված է գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, նաև կան համակարգչային սենյակ, հանդիսասրահ,խաղասենյակներ: Արցախում արդեն այդպիսի 15 համայնքային կենտրոն կա, 7-ն էլ կառուցման փուլում են: «Մեր կոճողուտցիների առօրյան փոխել է այս կենտրոնը», - ասում է համայնքապետ Լուսինե Ղալայանը, - «Երեխաները տարբեր խմաբկների են հաճախում, տարեցներն էլ ցերեկային ժամերին հավաքվում են այստեղ, զրուցում: Հանդիսասրահն ամբողջ գյուղինն է, մեծ առիթներ ենք կազմակերպում` հարսանիք, բանակի քեֆ, կնունք»:

Մաքուր, նորոգված ու ժամանակակից անհրաժեշտ պարագաներով կահավորված երկհարկանի կենտրոնի սրահներով քայլում ենք, լուսանկարում, ու կանգնում սենյակներից մեկի մոտ` ռազմահայրենասիրական երգեր են լսվում: Կոճողուտի դպրոցականներն են: Գյուղի ազատագրման օրվան նվիրված հանդիսության փորձն են անում: 1993-ի փետրվարի 5-ից է պատմական Կոճողուտը նոր էջից սկսել պատմությունը: «Մեր գյուղի մասին Մատենադարանում անգամ վկայություն կա, - պատմում է ազատամարտիկ Մհեր Պետրոսյանը, - «Բնակավայրը Խորասան է կոչվել, քաղաք է եղել, որտեղ հայոց արքաները , իշխանները իրենց ընտանիքներին ուղարկել են հանգստանալու: Անտառում էլ խաչեր ենք գտել, այդպես դարերով կանգնած են: Քանի դրանք կան, մենք էլ կլինենք էս հողին ամուր կպած»:

-Իմ Կոճողուտ, լի ու ազատ մնաս…, - երեխաները շարունակում են երգել, երկու օրից կկանգնեն համագյուղացիների առաջ, խրոխտ երգեր կերգեն, ռազմաշունչ խոսքեր կարտասանեն, ու, թեպետ «բարձունքը մերն է, տղերքը չկան…», բայց կյանքը կշարունակվի լեռնապատ և անպարտ Կոճողուտում:

Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ

Հեղինակ` Անի Հակոբյան