Պետք է ուղղակի հավատալ հրաշքներին
Հրապարակվել է Մարտ 05, 2018

Ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ ասել էր` ուժեղ մարդիկ ընդհանուրից առանձնանում են ժպիտով, անկեղծ, լայն, գեղեցիկ ժպիտով: «Երբ կյանքը դառնություններ է հրամցնում իրար հետևից, ընդունիր` դրանց վրա ծիծաղելով: Լիմոնները հաշիվ չեն», - այդպես ծիծաղելով էլ ասում է Էրիկ Սարգսյանը, - «ուժեղ լինել կյանքն է ստիպել: Ես չէի ցանկանա էդքան ու էդպես ուժեղ լինել: Բայց երբեմն այլ ելք չի մնում»:

Ազատամարտիկ, պատերազմի մասնակից, հերոս` նման բառեր չի սիրում: Ասում է` սովորական մարդ եմ՝ սովորական կյանքով: Ծնունդով Սումգայիթից է: Ապրում է Երևանում: Աշխատում է բանկում: Ունի սիրուն ընտանիք: Կնոջ` Նաիրայի հետ լավ աղջիկ են դաստիարակել: Միլենան արդեն 9-րդ դասարանում է, ուզում է հոր պես բանկում աշխատել. - «Մի քիչ էլ դիմանամ, աղջկաս նպատակներին հասցնեմ, հետո` կհանգստանամ»: Ընտանեկան ծրագրերի մասին պատմում է` մեքենան հմտորեն վարելով երևանյան փողոցներում: Նոր «Շևրոլեի» ղեկին է, որի ոտնակները ղեկին մոտ տեղադրված բռնակ են: Նվեր է «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին հատուկ հարմարեցված ավտոմեքենաներ նվիրելու նախաձեռնությունը ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամ կազմակերպությանն է: Ծրագիրն իրականանում է հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Հրանտ Թումասյանի շնորհիվ: «Այսպիսի մեքենաներ Հայաստանում չեն վաճառում: Պետք է դրսից բերել, կամ էլ խնդրել, որ հարմարեցնեն: Բայց դա էդքան ապահով չի,- վստահեցնում է Էրիկը, - իսկ այսպես ավելի հարմարավետ է ու հեշտ եմ վարում: Ավելի վստահ եմ ու հանգիստ, երբ ընտանիքիս որևէ տեղ եմ տանում: Նույնիսկ պլանավորել ենք այս ամառ ծով գնալ: Մեր նման մարդկանց համար այս մեքենան արտաքին աշխարհի հետ կապը պահելու կարևոր միջոց է»:

Ապրում էր Ռուսաստանում, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը: Սումգայիթից հայերի տարհանման ծրագիրը Բաքուն դեռ 70-ականներից էր սկսել, ստիպված էին ընտանիքով հեռանալ ծննդավայրից: 88-ից հետո վերադարձան Արցախ, Ասկերան: 3 եղբայրներից ավագն էր, շտապեց զենք վերցնել, կռվեց Ղարաբաղյան ջոկատում, մասնակցեց կարևոր մարտերին` Շուշիի, Լաչինի ազատագրում. - «Ազատագրումից հետո հարկավոր էր շրջանն ամբողջությամբ մաքրել, նաև պաշտպանական օպերացիաներ էինք կատարում: Այդպիսի մի գործողության ժամանակ ծուղակն ընկանք, շրջափակում էր, տղաներից շատերը վիրավորվեցին, մեկ զոհ տվեցինք: Տաբեր տեսակի բեկորային վնասվածքներ էի ստացել, հետո կրակոց` թոքս ծակվեց: Այդպես գիշերը մնացինք ընկած, մինչև օգնությունը հասավ: Ասում են` հրաշք է, որ ապրում եմ»:

1993-ին Էրիկ Սարգսյանը ծանր վիրավորումով տեղափոխվեց Երևան: Կարմիր խաչում էր բուժվում: Այստեղ էլ նրա հետ պատահեց երկրորդ հրաշքը: «Բոյով, սիրուն, գոռոզ աղջիկ էր: Դե մենք էլ պակաս գոռոզ չէինք, որ կարողացանք համոզեինք», - ծիծաղելով պատմում է` ինչպես է արցախցի տղան, որ արդեն ուներ առաջին կարգի հաշմանդամություն ու ապագայի ոչ մի հիմք, կարողացել շահել ապահովված ընտանիքում ապրող Նաիրայի սիրտը, որը ևս այդ ժամանակ ապաքինվում էր Կարմիր խաչում: Նաիրան հաշմանդամություն էր ձեռք բերել անգինայի պատճառով: Ամուսնացան ի հեճուկս կյանքի: 8 երկար տարիներ անց դժվարությամբ ծնվեց Միլենան: «Երրորդ հրաշքը կատարվեց: Էլի ոչ մի շանս չկար: Բայց էդ շանսերը պրագմատիկ մարդիկ են հաշվում: Ես, որ արդեն 20 տարի բանկում աշխատող հաշվապահ եմ, սովորել եմ չխառնվել կյանքի հաշիվներին: Պետք է ուղղակի հավատալ ու հնարավորինս ուրախ ապրել: Երբ Կարմիր Խաչում էինք, առանց լիցենզիայի հոգեբան էի աշխատում: Կանչում էին, ասում` խոսա տղերքի հետ: Ես էլ խոսում էի երկար, շատ, ոգևորում, ուրախացնում: Ծանր ժամանակներ էին, գիտեք, շատերը կյանքն արդեն ավարտված էին համարում, թեպետ 20 տարեկան էին… Աներես բան է էդ կյանքը, աննամուսություն է անում, դու էլ երեսին ժպտում ես: Է, ի՞նչ անես էլ»:

Կանգնեցնում է մեքենան: Իջնում, ծխախոտը վառում. թոքերի միջով փամփուշտ անցավ, ողջ մնաց, ծխախոտն էլ չի սպանի: Այդպես կյանքի երեսին ծիծաղելով էլ ապրում է: Ու ապրում է լիարժեք ֆիզիկական հնարավորություններ ունեցողներից էլ լիարժեք կյանքով: