Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը կգործի ախտորոշիչ լաբորատորիա
Հրապարակվել է Մարտ 06, 2018

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան բիոքիմիական հետազոտությունների ախտորոշիչ լաբորատորիան շուտով կսկսի լիարժեքորեն գործել: Այն հիմնել, կահավորել ու անհրաժեշտ սարքավորումներով համալրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը Շվեյցարիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Շվեյցարահայերի օգնությամբ մանկատանը նաև կառուցվել է լողավազան:

«Ախտորոշիչ լաբորատորիայի առկայությունը հնարավորություն է տալիս հետազոտությունների հիմնական մասն իրականացնել տեղում՝ մեր բուժմասնագետների կողմից, ովքեր մասնագիտացել են նոր սարքավորումների վրա: Մանուկներն ու անձնակազմը այլևս ստիպված չեն լինի ամեն անգամ կրել տեղափոխության հետ կապված դժվարությունները», - նշում է մանկատան տնօրեն Աննա Գևորգյանը:

Հիմնադրամը «Մանկան տան» ախտորոշիչ լաբորատորիային է նվիրել նաև ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից սարք: Այն արգենտինահայ բարերարներ Դևեճիէան, Էքզերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների կողմից է: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից այդ սարքը կօգնի տեղում իրականացնել հետազոտությունները, վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունների բարդացումները և արդյունավետ բուժում իրականացնել։ Արգենտինահայ բարերարները նվիրաբերել են նաև միկրոավտոբուս:

Գերմանահայերի աջակցությամբ նորոգվել են մանկատան երկու մասնաշենքերը` համալրելով նոր կահույքով, կառուցել է նաև խաղահրապարակ:

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը խնամք է ստանում մինչև ութ տարեկան մոտ 130 երեխա, նրանք ունեն մտավոր և ֆիզիկական խնդիրներ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն 7 տարի է՝ օգնում է հաստատությանը՝ երեխաների խնամքը դարձնելով առավել արդյունավետ։