Օշական. Չեմպիոնների ու բժիշկների երազանքները
Հրապարակվել է Մարտ 15, 2018

«Էս փոքր դահլիճն է: Ժամանակավոր էստեղ ենք պարապում», - կարատեի Հայաստանի կրկնակի չեմպիոնը օրերն է հաշվում. նոր ուսումնական տարին կսկսվի, նոր ու մեծ մարզադահլիճ կունենան Օշականում: 28 չեմպիոնական մեդալ, 3 գավաթ, միջազգային մրցաշարերի պատվոգրեր. Վարդանը կարատեի գոտիներն ու հաղթանակները ձեռք է բերել` պարապելով խորհրդային տարիներից չնորոգված ու անբարեկարգ սպորտդահլիճում: Սեպտեմբերից տղայի մեդալների թիվը կավելանա. կահավորված ու ժամանակակից պայմաններում են մարզվելու Օշականի դպրոցականները. - «Մեր խմբակում 25 հոգի ենք: Առաջ ավելի շատ էին, գնում են ուրիշ տեղ մարզվելու: Երբ մերն ունենանք, շատերը հետ կգան»: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ հիմնովին նորոգվում է գյուղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցին հարակից մարզադահլիճն ու հանդիսասրահը:

Սարգիս

Օշականի ավելի քան 500 աշակերտ ունեցող դպրոցը ևս վերակառուցվել ու կահավորվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Այստեղ սպորտսմենների պակաս չկա: Վարդանը հիմա պատրաստվում է Հայաստանի առաջնության ուղեգրային մրցաշարին, ընկերն էլ մեր զրույցի նույն օրը մեկնում է Ուկրաինա, ապա Լատվիա, բռնցքամարտի միջազգային մրցաշարերի: «Ես հիմա Էջմիածնում եմ բոքս պարապում: Մեր խմբակը փակվեց էստեղ, երեխեքը քչացել էին», - ասում է 10-րդ դասարանում սովորող Բագրատը, որի համար սպորտը կյանքի գլխավոր նպատակն է դարձել , - «փոքր տարիքից եմ զբաղվում: Շատ եմ ուզում մի բանի հասնել: Բոքսով, որ առաջ գնամ, ստիպված կհարգեն ինձ»: Ասում է ստիպված կհարգեն, բայց հազվադեպ է ֆիզիկական ուժի առավելությունը կյանքում օգտագործում:

«Մեր Բագրատը շատ լավ, խելոք, բարի տղա է», - զրույցին միանում է քիմիայի ուսուցչուհին, որ նաև սպորտսմեն տղաների դասղեկն է: Ընկեր Ստեփանյանը մի քիչ նեղվում է, որ մեդալները սպորտային են, բայց` մի քիչ: Կարինե Ստեփանյանը համոզված է` իր տված գիտելիքն էլ պակաս կարևոր չէ. - «Սպորտի գծով, որ գնան, իրենց քիմիա ու կենսաբանություն է պետք »: Հետո հիշում է` դասարանում մի ուժեղ տղա էլ ունի ու դասարանից դուրս է հրավիրում Սարգիսին.- «Գերմանիայից են կանչում մեր տղուն, ասում են` գնա իրենց մարզիկը լինի: Վերջը ինքն էլ է Հենրիկ Մխիթարյան դառնալու: Ավելի ճիշտ` Արթուր Աբրահամ»,- ընկեր Ստեփանյանը հուզմունքից մարզաձևերը շփոթում է, Սարգիսը` ներողամիտ ժպտում. բռնցքամարտիկ է, ո´չ թե ֆուտբոլիստ: Իր քաշային կարգում ու տարեկիցների մեջ լավագույնն է Եվրոպայում, գերմանացի սկաուտները աչք են դրել օշականցի տղայի վրա: Սարգիսը խոստանում է` համաշխահային ճանաչում ունենալուց հետո, իսկ դա հաստատ լինելու է, չի մոռանա, որ առաջին հարցազրույցը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է տվել:

Երբ մարզադահլիճը կառուցվի, երբ լավ պայմաններ ստեղծվեն, Օշականի դպրոցականները շատ տաղանդավոր են, շատ հաջողությունների կհասնեն` վստահ է քիմիայի ուսուցչուհին` չմոռանալով իր առարկայի կարևորության մասին. - «Սպորտը` սպորտ, բայց պիտի ասեմ՝ տարին մի բժիշկ եմ տալիս Երևանի բժշկականին»: