Ըստ հովանավորի: Արցախի կառավարություն, «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Սկիզբը Հոկտեմբեր 20, 2017
End Ավարտը Օգոստոս 20, 2018
Status Կարգավիճակը: Ընթացիկ
Շահառու

Թալիշ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում: Արցախի հյուսիսում գտնվող Մարտակերտի շրջանը զբաղեցնում է 1,705 կմ2 տարածք, որից 108,5 կմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Թալիշը Արցախի հյուսիսային սահմանամերձ գյուղ է, որի բնակչությունը Արցախյան ազատամարտի ժամանակ ստիպված է եղել լքել հայրենիքը: Ադրբեջանի սահմանին կից Թալիշ գյուղը ներկայումս կանգնած է բազմաթիվ դժվարությունների առջև, այդ թվում նաև սոցիալական խնդիրների:
2016թ. հայ-ադրբեջանական բախումների ժամանակ գյուղը խիստ վնասներ է կրել: Ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով ավիրվել են հանդիսությունների սրահը և համայնքի վարչական շենքի տանիքը: Թալիշ համայնքը չորս օրվա պատերազմից առաջ ունեցել է մոտ 546 բնակիչ: Այժմ գյուղի բնակիչների ընդհանուր թիվը կազմում է 18:


Ծրագիր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր՝ ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ ծրագրերը Թալիշ գյուղում: Ներկայումս վերանորոգվում են համայնքային կենտրոնը, բուժկետը և ակումբը: Նախագիծը ներառում է շենքի շրջակա տարածքի բարելավումը:

Վերանորոգվում է նաև հանդիսությունների սրահը: Նախագիծը նույնպես ներառում է շենքի շրջակա տարածքի բարելավումը: Վերակառուցվող հանդիսությունների տունը՝ վերահատակագծված և արդի լուծումներով, նախատեսված է մինչև 250 մարդու համար։ Շենքը կկահավորվի և կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով։

Գյուղի կենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկն էր ջրի խնդիրը, որը հրատապ լուծման կարիք ուներ, քանի որ ուղղակիորեն ազդում էր բնակիչների կենսակերպի վրա: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Թալիշ համայնքում կառուցում է գյուղի խմելու ջրի ցանցը՝ 4․5կմ երկարությամբ։ Գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման արդյունքում գյուղի ամբողջ բնակչությունը իրենց տներում կունենա շուրջօրյա խմելու ջուր:
Հիմնադրամը Թալիշ գյուղի ենթակառուցվածքների վերականգնման ու ամբողջականացման նպատակով, կառուցում է 2․2կմ երկարությամբ կոյուղու ցանց: Ծրագրի շնորհիվ գյուղի բնակչությունը շուտով կունենա կայուն ջրամատակարարում:
Կառուցվում է նաև հասարակական նշանակության կենտրոն, որը կսպասարկի գյուղի բնակչության կենցաղային կարիքները։ Կենտրոնն իր մեջ կներառի համայնքային նշանակություն ունեցող կենտրոնացված ծառայություններ:
Բացի վերոնշյալ ծրագրերից, Թալիշի վերականգնման ծրագրի շրջանակներում «Հայաստան» հիմնադրամը գյուղում վերակառուցում է 18 տուն՝ իրենց նկուղային ապաստարաններով։

Ենթակառուցվածքների զարգացումը արդյունավետ կերպով կլուծի գյուղի՝ երկար ժամանակ չլուծված մի շարք խնդիրներ`ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելով համայնքի կյանքը, ինչպես նաև կօգնի հաղթահարել ռազմական գործողությունների վերջին ժամանակահատվածում կրած վնասները: Թալիշ գյուղի վերականգնումը կարևոր խնդիր է Արցախի Հանրապետության և համայն հայության համար: