Պոետիկ ռեալիզմի երիտասարդությունը. Նախագահի մրցանակ` արվեստ անվանակարգ
Հրապարակվել է Ապրիլ 04, 2018

Կլիշեացված քաղաքակրությունից դուրս ապրող իրենց հերոսների վիրտուալ ներկայության կողքին կանգնել, զրուցում են` ինչ կանեն, եթե հաղթեն: 3 ընկեր են, համակուրսեցիներ, բայց Նկարիչների միության ցուցասրահում Արթուրն ու երկու Մանեները մրցակիցներ են: Նրանց դոկումենտալ ֆիլմերը ներկայացված են Նախագահի երիտասարդական մրցանակի «Արվեստ» անվանակարգի եզրափակչում: Արթուրը նկարել է Սևանի քամու հետ պայքարողներին, Մանե Բաղդասարյանի տեսախցիկի առաջ երևանցիներն են ադապտացվում առօրյային, Մանե Գրիգորյանը պապիկի գյուղի միայնակ բնակչի միայնությունն է կինոխրոնիկայի վերածել:

Երիտասարդների աոցիալական ու ազդեցիկ վավերագրական ֆիլմերը բարդ ընտրության առաջ է կանգնեցրել ժյուրիին: «Այս տարի շատ հզոր կինոգործեր կային դոկումենտալ ժանրում: Դրանցից երեքն ընտրեցինք եզրափակչի համար: Բավական հասուն գործեր են, շատ բարդ է լինելու մեր ընտրությունը», - նշում է Նախագահի մրցանակի արվեստ բնագավառի ժյուրիի անդամ, ռեժիսոր Միքայել Դովլաթյանը:

Սիրանուշի ուրբանիստական դիջիթալ կոլաժը ոչ մի այցելուի աչքից չի վրիպում. Երևանն է՝ փոքր կենտրոնի ֆոկուսից դուրս: Քաղաքի սևուսպիտակ ծայրամասերը երիտասարդ աղջկա ձեռքով այնպես են դասավորվել, որ նախշազարդ գործվածք են հիշեցում: «Շատ եմ քայլում ծայրամասային թաղամասերում, -պատմում է մրցույթի մասնակից Սիրանուշ Մխիթարյանը,- գորշ, հակաէսթետիկ շենքերը կարծես լաբիրինթոս լինեն: Փորձել եմ այդ անճարտարապետությանը անսովոր անկյունից նայել ու ստացվել է մի բան, որն արվեստի որևէ իզմի մեջ չի տեղավորվում»:

Պոետիկ ռեալիզմի շունչը զգացվում է ցուցասրահում ներկայացված բոլոր գործերում` կերպարվեստ, ֆոտոարվեստ, քանդակ, կինոարվեստ: 35-ից 15 մասնակից է հասել եզրափակիչ փուլ: Երկու մրցանակակիրների անունները ժյուրին կորոշի, բայց չի հրապարակի: Նախագահի երիտասարդ մրցանակի դափնեկիրների անունները պարզ կդառնան մրցանակաբաշխության ժամանակ: Մինչև այդ երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսը բաց է Նկարիչների միությունում մինչև ապրիլի 6-ը:

Նախագահի երիտասարդական մրցանակը համակարգում և կազմակերպում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մրցանակակիրները ստանում է 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, պատվոգիր և կրծքանշան: Մրցանակը շնորհվում է 2005 թվականից: