Բերդ. արև փոքրիկների ու կանաչ անտառների քաղաքը
Հրապարակվել է Ապրիլ 09, 2018

Ալեքսն իր ապագա մասնագիտությանը վերաբերող ստանդարտ հարցին հստակ ու կտրուկ պատասխան ունի. - «Քինալ դեմ բոքսի, որ կռիվ անեմ»: «Բայց կռիվը լավ բան չի, Ալեքս ջան: Չե՞ս ուզում, օրինակ, բժիշկ դառնաս, մարդկանց օգնես», - ոչ հարցս է հարց ստացվում, ոչ էլ փորձում եմ տարհամոզել: Պարզապես 7 տարեկան տղան անառարկելի հակափաստարկ ունի` որ բռնցքամարտիկ դառնա, ուժեղ կլինի, մամային ու 11-ամսական ապերիկին կպաշտպանի: «Իմ սիրած պենն ա», - սա ասում է` տավուշյան անուշ բարբառով ամեն բառը ծոր տալով ու միաժամանակ արև և ծառ նկարելով: Ծառի կանաչը չի հերիքում, գրապահարանից կանաչ մատիտներ է բերում: Միասին շարունակում ենք նկարել` դեղին արևը երկար-երկար շողերով, ծառը` կանաչ ու շատ տերևներով: Ալեքսը նկարում է այն, ինչ աչքը բացել ու տեսել է` տիպիկ տավուշյան բնություն, այս դեպքում՝ Բերդի արևն ու ծառն է, տղան համոզված է` այդպես չէ Երևանում:

Արտադասարանային պարապմունքի ժամ է: Բերդի 50 երեխաներ արդեն մեկ ամիս է՝ դպրոցից հետո ազատ ժամանակը ոչ թե փողոցում, այլ քաղաքի նախկին գրադարանում են անցկացնում: Ավագներն առանձին են դասապարապմունք անում, փոքրերն առանձին նկարում, գործում, կարում, երգում, արտասանում: «Օգնություն անտեսված և անապահով երեխաներին» ծրագիրն իրականցվում է Տավուշի երկու համայնքներում` Բերդ քաղաքում և Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ էլ 30 երեխա է ընդգրկված ծրագրում: Նախաձեռնությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամինը և մեր երկրում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին է: Շահառու երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են:

Մեկ ամիս առաջ նրանցից շատերը փողոցում էին վատնում ժամանակը, հիմա դասասենյակներում մրցում են` ում ձեռքի աշխատանքն է ավելի սիրուն, ով է ավելի լավ արտասանում, երգում: Վիկտորյան ու Մարին վարսավիր են դառնալու, Գոռը` ֆուտբոլիստ Մեսսի պես, Հենոյի մասին չի էլ լսել, իսկ Վահեն հաստատ գեղանկարիչ է դառնալու: Համահայկական հիմնադրամի ու գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի համագործակցությամբ իրականացվող սոցիալական ծրագրի շնորհիվ տավուշցի այս փոքրիկների ներկան ապահով է, ապագան` հուսադրող: