Հատուկ հարմարեցված ավտոմեքենան կփոխի Արայիկ Քոչարյանի կյանքը
Հրապարակվել է Ապրիլ 18, 2018

«Որ իջնում եմ բակ, երեխեքը հավաքվում են շուրջս, ասում են` Արո, արի գոնկա կպնենք», - անվասայլակով իր արկածների մասին ծիծաղով է պատմում: Արայիկ Քոչարյանն արդեն 4 տարի է` չի քայլում, հաշմանդամություն ունի:

Ռուսաստանում էր, արտագնա աշխատանքի էր մեկնել: Այդ օրը եղբոր հետ շտապում էին, տուն պետք է գային Նոր տարին նշելու, Արայիկի նշանադրությունն էլ պլանավորված էր այդ օրերին: Մեկ ակնթարթում փշրվեցին բոլոր ծրագրերը: Ավտովթարից կոտրվեց նաև Արայիկի ողնաշարը: «Մեր բժիշկներն ասում են` կքայլեի, եթե ժամանակին ճիշտ բուժում ստանայի, լավ վիրահատեին», - ասում է Արայիկը: Մեկ ամիս անշարժ պառկած է եղել Վոլգոգրադի հիվանդանոցում, մինչև կարողացել են տեղափոխել Հայաստան: Այստեղ Արայիկին անմիջապես վիրահատել են. 31-ամյա երիտասարդն արդեն կարողանում է նստել, շարժել ձեռքերը, ոտքերը, նյարդերը վերականգելու հնարավորություն կա: «Հիմա շատ եմ պարապում, տանը սայլակին նստած վարժություններ եմ անում», - ոգևորված պատմում է Արայիկը: Ինքը չի կոտրվել, մարմինն է ընդամենը վնասված: Կարևորը դա է, ապրելու ցանկությունը, կյանքի հանդեպ սերը, վարակիչ լավատեսությունը կան:

«Մի օր բակում շրջում էի, մեկ էլ լսում եմ հետևիցս եկող երկու աղջիկների զրույցը` նայի, էս անվասայլակը մի «Մերսեդեսի» արժեք կունենա», - Արայիկը իր «Մերսեդեսի» վրա նստած անվասայլակի հնարավորություններն է ցույց տալիս, պատմում է` որքան հեշտությամբ է հիմա ավելի շատ ինքնուրույն գործողություններ անում, կարողանում է դուրս գալ, շրջել իր հարազատ Աբովյան քաղաքում: Նորագույն սերնդի հարմարավետ ու տեխնիկական հնարավորություններով անվասայլակը Արայիկը նվեր է ստացել ամիսներ առաջ: Այս զրույցի ընթացքում էլ սպասում ենք նվիրատուին: Հրանտ Թումասյանը Միացյալ Նահանգներից Հայաստան է եկել` հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նոր կենսական նշանակության պարագաներով: «Հրանտին ինչ ճանաչում եմ, զգում եմ, թե ինչքան եմ առաջ գնում: Մոտիվացնում է, որ ամեն օր նոր փոփոխություն գրանցեմ իմ առողջական վիճակում»,- նշում է Արայիկը:

«Այ տղա, դու ո՞նց ես էս լիֆտով բարձրանում, իջնում», - Հրանտը ներս է մտնում Արայիկի հայրիկի օգնությամբ: Նրա անվասայլակը դեռ «հմտացած» չէ հայաստանյան պայմաններին: Հրանտ Թումասյանը Արցախյան ազատամարտի մասնակից է: Ռազմի դաշտում է վիրավորվել: Ինքն էլ է անվասայլակով տեղաշարժվում: Ապրում է Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությամբ ֆինանսավորմամբ Հրանտն արդեն երեք տարի է` օգնում է հաշմանդամություն ունեցող տասնյակ մարդկանց, Հիմնադրամի օգնությամբ հատուկ պարագաներ, անվասայլակներ, դեղորայք, անգամ հատուկ հարմարեցված ավտոմեքենաներ է նվիրում նրանց: Սկզբում շահառուները արցախյան պատերազմի մասնակիցներն էին, հիմա Հրանտ Թումասյանի նախաձեռնությամբ իրականցվող և ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ՞ կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրից կարող են օգտվել նաև քաղաքացիներ:

«Արո, մահճակալիդ հարմարվե՞լ ես, նայի, էս կռանով էլ կկարողանաս համարյա ինքնուրույն նստել սայլակիդ», - Հրանտը անվասայլակի հետ էլեկտրական մահճակալ էր նվիրել Արայիկին, հիմա բերել է նաև մահճակալին ամրացվող հատուկ սարքը: Մահճակալի նոր հարմարանքը փորձարկելուց հետո գլխավոր անակնկալը դրսում է` հատուկ հարմարեցված ավտոմեքենան: Արայիկն իջնում է բակ իր նոր կարմիր «Շևրոլեն» տեսնելու: Մեքենան ԱՄՆ-ում են հատուկ հարմարեցրել նրա հնարավորություններին: Հրանտը շնորհակալություններն ընդհատում է, ասում. «Դե լավ, լավ, բան չկա: Բայց չքշես հիմա, դեռ պիտի գամ, սովորեցնեմ էլ»: Արայիկը կարող է անվասայլակով ներս մտնել ու ինքն էլ վարել: «Այ հիմա նաև աշխատանք գտնելու մասին կմտածեմ», - ասում է երիտասարդը: Մի քանի առաջարկ ունեցել է, բայց տեղափոխության խնդրի պատճառով մերժել է:Հիմա կյանքը նոր իմաստ ու լիցք է ստանում: