Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արժեքավոր նմուշները` ֆոտոշարքով
Հրապարակվել է Ապրիլ 25, 2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն նպատակասլաց հավաքաչական աշխատանքների արդյունքում պարբերաբար համալրվում է նոր արժեքավոր նյութերով, որոնք ձեռք են բերվում նվիրատվությունների և գնումների միջոցով: Հարկ է նշել, որ 2016-2018 թթ գնումների միջոցով ձեռք բերված թանգարանային առարկաների հիմնական մասը կազմում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ գնված միավորները՝ նորահայտ լուսանկարներ, փաստաթղթեր, սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող թերթեր և գրքեր(այդ թվում՝ցեղասպանությունը վերապրողների հուշագրություններ, տեսական ցեղասպանագիտական գրականություն և այլն): Ներկայացնում ենք այդ ձեռքբերումներից մի քանիսը՝ լուսանկարներով:

Նախացեղասպանական շրջանի նյութեր.


Օսմանյան կայսրությունում լուսանկարչության զարգացման և տարածման գործում կարևոր ներդրում ունեին հատկապես հայ լուսանկարիչները, ընդ որում ոչ միայն Կոստանդնուպոլսում(օրինակ Աբդուլ Համիդի պալատական լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայները /Abdullah frères), այլև տերության անգամ ամենահեռավոր շրջաններում (Մարզվանում հայտնի էին Դիլդիլյանների, իսկ Կյուրինում՝ Մենդիլյանների լուսնկարչատները): Լուսանկարը հարուստ նյութ է հաղորդում ժամանակակից հետազոտողին՝ ներկայացնելով ժամանակի ոգին՝ կենցաղային պայմանները, սոցիալ-տնտեսական միջավայրը, մշակութային կյանքը, սովորույթները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ գնված թանգարանի վերջին ձեռքբերումներից կարելի է առանձնացնել Կեսարիայում գործող «Ս.Ստէփանեա եւ Կ. Չիզէկեան» լուսանկարչատան անհայտ տղամարդու լուսանկարը, XIX դարի վերջ-XX դարի սկիզբ:


XIX դարի երկրորդ կեսին արծաթագործությունը Վանում հասել էր իր կատարելության գագաթնակետին: Հայ վարպետների անթերի աշատանքները՝ զարդեղեն, կենցաղի, եկեղեցական առարկաները լայնորեն սպառվում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Էլեկտրոնային աճուրդից գնված արծաթե այս փոքրիկ պնակը Վանի հայ արծաթագործների կողմից XX դարասկզբին պատրաստված նմուշ է: Հավաքչական աշխատանքների արդյունքում Ցեղաասպանության թանգարանում է հայտնվում ավելի քան մեկ դար հայկական միջավայրից կտրված իրը:


Օսմանյան կայսության ներքին և արտաքին առևտրի մենաշնորհը պատկանում էր հայ վաճառականներին, գործարարներին. նրանցից առավել ազդեցիկները զբաղեցնում էին նաև պետական, քաղաքական պաշտոններ: Վաճառականներն իրենց առևտրական գործարքներն արձանագրում էին առևտրական ձևաթղթերի վրա, որոնց գլխամասում սովորաբար լինում էր գործարարի լոգոն՝ ընկերության անվանումով(ցուցադրվող օրինակում_այն եռալեզու է՝ հայերեն, արաբատառ թուրքերեն և ֆրանսերեն) և իրավաբանական հասցեն: Թանգարանի հավաքածուի մեջ ընդգրկված են Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում ապրող հայերի առևտրական գործունեությունը ներկայացնող ձևաթղթեր:

Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրային նյութ է պարունակում ժամանակի մամուլը: Գերմանական “Berliner Morgenpost”(Բեռլիներ Մորգենփոստ) պարբերականի 1914 թ. նոյեմբերի 14-ի առաջին էջում «Մուսուլմանների սրբազան պատրեազմը» խորագրով հոդվածը ազդարաում է իր դաշնակից Օսմանյան կայսրության կողմից Սրբազան պատերազմ(Ջիհադ) հայտարաելու մասին:

Ցեղասպանության իրագործման շրջան

Օսմանյան կայսրությունում լուսանկարչությամբ զբաղվում էին հայերը, բայց Ցեղասպանության շրջանի լուսանկարներ հիմնականում արել են արտասահմանցի դիվանագետներն ու միսիոներները։ Այս շրջանում լուսանկարչությունը համարվում էր ռազմական հանցագործություն։ Թանգարանում հավաքված լուսանկարների մեծ մասն արտասահմանյան լրատվամիջոցներին ուղարկված լուսանկարներն են։ Այս մեկն, օրինակ, արվել է 1915-ին ամերիկյան պարբերականների համար, Վանի ինքնապաշտպանական մարտի կամավորականներն են, լուսանկարը երբևէ չի հրապարակվել, այն ուսումնասիրողներին կարևոր տեղեկություն կարող է տալ կամավորականների ձեռքի տակ եղած զենքերի մասին։


Ցեղասպանության ծրագրի իրագործումից հետո շատ դեռատի աղջիկներ հայտնվեցին թուրքական և արաբական հարեմներում, մնացին այնտեղ 3-4 տարի, մինչև որ 1919-ին Մուդրուսի զինադադարից հետո ստեղծվեց «Չեզոք տուն» կազմակերպությունը․ հայ, թուրք, ամերիացի և բրիտանացի աշխատակիցները գտնում էին ստրկության մեջ կամ հարեմում հայտնված աղջիկներին ու փորձում վերադարձնել նրանց ինքնությունը։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում համադրում են վերջերս ձեռք բերված այս 3 լուսանկարները. կարծում են՝ նույն աղջիկն է՝ կյանքի տարբեր փուլերում։

Հետցեղասպանության շրջան

Թանգարանի համար ամենաբարդը Զմյուռնիայի իրադարձություններին վերաբերող փաստական նյութերի ձեռքբերումն է, աճուրդներում պայքարում են հայերը, հույներն ու հրեաները։ Այս լուսանկարն արվել է 1922-ին, բազմազգ քաղաքից հայերի տեղափոխման տեսարանն է։

Հետցեղասպանության շրջանի մասին վերջերս ձեռք բերված կարևոր փաստական նմուշ է գորգերի վաճառքի առևտրային այս փաստաթուղթը։ 1926 թվականին Ղազիրի որբանոցի երեխաների գործած 5 գորգերը ուղարկվել են ԱՄՆ, յուրաքանչյուրի արժեքը 38-52 դոլար էր։