Կյանքը շարունակվում է. օգնություն հաշմանդամություն ունեցող անձանց
Հրապարակվել է Ապրիլ 27, 2018

«Զորամասի բակում էի, երբ ռումբը պայթեց: Արթնացա առանց ոտքերի», - 90-ականներին Բերդի պաշտպանական մարտերի մասին է պատմում տիկին Շուշիկը: Ամուսնու հետ զինվորագրված էին. «Այն ժամանակ բոլորն էին զինվոր` մեծից փոքր: Այլ ելք չկար»: Արցախյան ազտամարտի երկրորդ ճակատում Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչներն էին սահման պահում: Շուշիկ Չատյանը, որ արդեն դուստր ուներ, ամուսնու կողքին էր կռվում. «Ի՞նչ էինք անում: Ամեն ինչ: Համ զինվոր էինք, համ բժիշկ, համ խոհարար…»:

Պայթյունից հետո Շուշիկ Չատյանին ծանր վիճակում տեղափոխեցին Երևան: Բնականոն կյանքին վերադառնալը տևեց տարիներ, բազմաթիվ դժվարություններ հաղթահարեց` առողջականից մինչև ֆինանսական: Չկոտրվեց: Ծնվեց երկրորդ դուստրն ու կյանքը շարունակվեց. «Աստված երևի ուզեց, որ ապրեմ, որ Նատաս ծնվի, ոչ ոք չէր հավատում, բժիշկներն արգելում էին, բայց հիմա էսպես ժպիտով եմ հիշում անցյալը: Աղջիկներիս դեռ պետք եմ»:

Տիկին Շուշիկը հիմա ավելի հարմար պայմաններում է ապրում: Նորագույն անվասայլակը, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ պարագները ԱՄՆ-ից են, նոր էլեկտրական մահճակալն էլ դեռ չեն հասցրել տեղավորել: Հերթով ցույց է տալիս ու պատմում յուրաքանչյուրի ֆունկցիայի մասին. «Հրանտն առանց նվեր չի գալիս Հայաստան: Այնքան լուսավոր մարդ է, կարծես մենակ մեր հոգսերով ապրի»:

Հրանտ Թումասյանը ևս հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ է: Տարիներ առաջ է տեղափոխվել ԱՄՆ: Արդեն երեք տարի է` զինհաշմանդամների հոգսերը նաև իր խնդիրներն են: Նրա համակարգմամբ՝ ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը ֆինանսավորում է հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին օգնելու ծրագիրը: Տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ, հարմարանքներ, այդ թվում` էլեկտրական մահճակալներ, անվասայլակներ: Հիմա ծրագիրն ընդլայնվել է, շահառուների թվում են ոչ միայն նախկին ու ներկա զինվորականները, նաև քաղաքացիներ, որոնք ունեն հաշմանդամություն:

Մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ 4 շահառուներ Հրանտ Թումասյանին սպասում էին նաև Գյումրիում: Նրանց ԱՄՆ-ի «Հայաստան Հիմնադրամը» անվասայլակներ, հատուկ պարագներ նվիրեց, որոնք հանձնեց ծրագրի համակարգողը: 3 տարվա ընթացքում նախաձեռնության շրջանակում շուրջ 16 հատուկ հարմարեցված ավտոմեքենաներ են նվիրվել Հայաստանում և Արցախում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց:

ԱՄՆ մեկնելուց առաջ` հանդիպում արդեն հարազատ դարձած մարդկանց հետ: «Հայաստան» համահայկական հիմնադրամում հյուրընկալվել էին հաշմանդամություն ունեցող 10 ազատամարտիկներ: ԱՄՆ-ում գործող «Հայաստան Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ՝ Հրանտ Թումասյանը նրանց նոր անվասայլականեր ու հիգիենայի պարագաներ նվիրեց: Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու հոգսերը շարունակում են մնալ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում: