Վարազ Սամուելյանի կտակն ի կատար է ածվում. Արթիկում մեծանում է տաղանդավոր երեխաների սերունդ
Հրապարակվել է Մայիս 15, 2018

« Ընկեր Տոնոյան, Աբրահամը վերադարձե՞լ է»: «Դեռ ոչ.,- մեկ շաբաթ ամեն պարապմունքից առաջ Արա Տոնոյանը համբերատար պատասխանում է տնօրենի ու կոլեգաների հարցին ու շարունակում դասը: Սև-սպիտակ խաղադաշտի իմաստուն քայլերն է սովորեցնում Արթիկի փոքրիկներին: 12-ամյա Աբրահամ Քոչարյանը նրա լավագույն սաներից է. Ֆրանսիայում միջազգային մրցաշարի է մեկնել, վերադառնում է հաղթանակով: Վարազ Սամուելյանի անվան արվեստի կենտրոնում Աբրահամի գալուստին ժամ առ ժամ են սպասում: «Մենակ իմ պարծանքը չի, մեր քաղաքի, մեր այս գեղեցիկ կենտրոնի հպարտությունն է: 150 երեխաների մեջից Ֆրանսիայում մեր Աբրահամն է լավագույնը», - ասում է շախմատի ուսուցիչը:

Դպրոցում շախմատ չի դասավանդում, այնտեղ պարտադրված է, ասում է`սիրում է, որ իր սաներն էլ իր պես են սիրում շախմատը: Վարազ Սամուելյանի անվան մշակույթի կենտրոն հաճախող երեխաները ընկեր Տոնոյանի խանդավառությամբ էլ շարունակում են պարապել:

Կենտրոնն արդեն 8 տարի է գործում Արթիկում: Շախմատի դասասենյակն ամենահագեցածներից է հաճախող երեխաների թվով: Երկրորդը Արթիկի փոքրիկ պարողներն են: Ռաֆայել Վարդանյանի դասաժամերը հաջորդում են մեկը մյուսին: Ավագների հետ է մեծ հույսեր կապում, մի օր իր նման կհպարտանան` քանի երկրում են շրջագայել պարային համույթով: Մինչև այդ խստությունը չթուլացնելով` աջ, ձախ, ձախ, առաջ…

Պարողների հարևան դասասենյակում երգողներն են, մեկ հարկ վերև` ասմունքողները: Գարեգինը ոտքի է կանգնում, հարցին, թե ինչի մասին է սիրում արտասանել, լուրջ տոնով պատասխանում է` Աստծո, ու սկսում հայոց այբուբենը ստեղծելու համար Մաշտոցին երկար տողեր ձոնել: Ուսուցիչը վերջում` տղաս, բայց դա Աստծո մասին չէր, այլ Մաշտոցի: Տղան մնում է իր համոզմունքին ու ֆոտոխցիկի համար դիրք ընդունում:

Արվեստի կենտրոնում Արթիկի երեխաները կարող են նաև համակարգչային գիտելիքներ ստանալ:

Այստեղ ամենահամեստ սենյակն էլ փոքրիկ նկարիչներն են զբաղեցրել: Սև թղթին սպիտակ ջրաներկով լուսավոր գիշերային քաղաքի շենքեր են բարձրանում. Արթիկը մի օր այդպիսի քաղաք կդառնա…

Հավանավար այդ երազանքն ուներ նաև ամերիկահայ նկարիչ Վարազ Սամուելյանը: Նրա կտակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը երկրաշարժից տուժած Արթիկ քաղաքում կառուցեց արվեստի կենտրոն: Հանրահայտ նկարչի կտակով նրա կտավների մի մասը տեղափոխվեցին Արթիկ. այդպես աշխարհի տարբեր ծայրերից նրա արվեստի երկրպագուները կարող են գալ ու հենց Արթիկում տեսնել աշխարհահռչակ գեղանկարչի կտավները, որոնցով շրջապատված է մեծանում տաղանդավոր երեխաների մի սերունդ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած արվեստի կենտրոնն ունի ավելի քան 170 սան, վարձավճարը սիմվոլիկ է` ամսական 1000 դրամ: