Հովսեփավանում շարունակվում են խորքային հորի կառուցման աշխատանքները
Հրապարակվել է Մայիս 20, 2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերի պատվիրակությունը տեղում ծանոթացավ Հովսեփավան համայնքում խորքային հորի կառուցման աշխատանքներին /հովանավոր՝ Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմին/: «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորքային հորերի հորատումը Հեռուստամարաթոն-2017-ի գլխավոր ծրագրերից է: «Բերքառատ Արցախին» նվիրաբերված հասույթը ուղղվել է Արցախում իրականցվող երկու խոշոր ծրագրի` խորքային հորերի կառուցմանն ու արևային էներգիայի օգտագործմանը:

Խորքային հորերի հորատաման անհրաժեշտության առաջարկը հնչեցրել էր Նախագահ Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ` նշելով, որ ոռոգման ժամանակակից համակարգի ստեղծումը նոր որակ կհաղորդի Արցախի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, մշտական ու երաշխավորված աշխատատեղեր կապահովի շրջաններում:

Հիմնադրամի միջոցներով նախատեսվում է 37 խորքային հորերի հորատում: Արդյունքում նախատեսվում է Արցախում լրացուցիչ շուրջ 900 հա տարածք դարձնել ոռոգելի. դրանից, նախնական տվյալներով, օգտվելու է 850 ընտանիք:

Հիշեցնենք, որ գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ տասնյակ հազարավոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ավելի քան 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: