Աղձքում բացվեց նոր մանկապարտեզ
Հրապարակվել է Մայիս 23, 2018

Արագածոտնի Աղձք համայնքում շահագործման հանձնվեց նոր մանկապարտեզ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` 19 երկրում գործող տեղական մարմինների ատենապետերի և ներկյացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Աղձքում մանկապարտեզը կառուցվել է Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգումը համաֆինանսավորել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Հիմնադրամի Անգլիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետիին շնորհվեց «Աղձք համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում:

Մանկապարտեզն ունի երեխաների կրթության ու հանգստի համար արդի բոլոր հարմարությունները: Խմբային ու ննջարանային սենյակներից բացի կան մարզադահլիճ, խաղասրահ, խաղահրապարակ և համակարգչային սենյակ, որտեղ սաները կանցկացնեն իրենց ժամանցն ու պարապմունքները: Նախակրթարանը նախատեսված է մինչև 90 երեխայի համար:

Բրիտանահայ համայնքը կարևորում է երեխաների ու պատանիների կրթությունը և հիմնականում ստանձնում կրթության և առողջապահության ոլորտներին միտված ծրագրեր: Վերջին տարիներին համայնքի նվիրատվություններով իրականացված ծրագրերից են Սասունիկ գյուղի մանկապարտեզի կառուցումը և Երևանի Շենգավիթ համայնքի գիշերօթիկ մանկապարտեզի վերակառուցումը: