Տեղի ունեցավ «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությունը
Հրապարակվել է Մայիս 20, 2018

Վերածնված Թալիշն ընդունեց առաջին հյուրերին: Ապրիլյան քառօրյայի առաջին հարվածն իր վրա զգացած համայնքում հյուրընկալվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը: «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանն ընդգծեց, որ ծրագիրը կարևոր դերակատարություն կունենա Թալիշի վերականգնման գործում՝ երախտագիտություն հայտնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ բարերար Անդրանիկ Բաղդասարյանին նախագծի իրականացմանն օժանդակելու համար: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի զարգացման մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը:


Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսեց Թալիշի ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքը: «Թալիշի վերածնունդ» նախագիծն իրականություն է դարձել ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանի հովանավորթյամբ: Նրա հանգանականությամբ Հիմնադրամը նորոգվել է համայնքային կենտրոնը, բուժկետը և ակումբը, նաև բարեկարգել է շենքի շրջակա տարածքը: Թալիշի վերանորոգված հանդիսությունների սրահում էլ արդեն տեղի է ունեցել առաջին հարսանիքը: Վերահատակագծված և արդի լուծումներով հանդիսությունների տունը նախատեսված է մինչև 250 մարդու համար։ Շենքը կահավորվել և համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով։



Գյուղի կենսական նշանակություն ունեցող խնդիրներից էր ջրամատակարարումը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Թալիշ համայնքում կառուցել է գյուղի խմելու ջրի ցանցը՝ 45կմ երկարությամբ։ Ինչպես նաև գյուղի ենթակառուցվածքների վերականգնման ու ամբողջականացման նպատակով Հիմնադրամը կառուցել է 22կմ երկարությամբ կոյուղու ցանց:

Բացի ենթակառուցվածքների նորոգման ծրագրերից, Թալիշում «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակառուցելէ 18 տուն՝ իրենց նկուղային ապաստարաններով։ Մինչև 2016-ի գարուն Թալիշն ուներ 546 բնկիչ: Ռազմական էսկալացիայի արդյունքում գյուղը տարհանվել էր: Այժմ թալիշեցիները հնարավորություն ունեն վերաբնակվելու հայրենի գյուղում: