Հոգաբարձուների խորհրդի նիստ. Արա Վարդանյանը վերահաստատվեց գործադիր տնօրենի պաշտոնում
Հրապարակվել է Մայիս 25, 2018

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվեց Արա Վարդանյանը․ հոգաբարձուների խորհրդի նիստում բոլոր անդամները միաձայն քվեարկեցին նրա օգտին՝ վստահություն հայտնելով Հիմնադրամի աշխատանքին։

Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2017թ. գործունեության մասին տեսաֆիլմը:

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 22 տեղական մարմինները, որոնք ներկայում գործում են աշխարհի 19 երկրներում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Իրանում, Իտալիայում և Նիդերլանդներում: Համահայն հայության ջանքերով բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ Անցած տարվա ամենախոշոր ծրագիրը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման ծրագիրն էր։ Ճանապարհը Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը:

Օրակարգի հաջորդ հարցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2018»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա առաջարկել է շարունակել «Մարաթոն-2017»-ի գլխավոր ծրագրերը, այն է՝ խորքային հորերի հորատման ու նոր ոռոգման ցանցի կառուցման և արևային էներգիայի կիրառման ծրագրերը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ոռոգման ժամանակակից համակարգի ստեղծումը նոր որակ կհաղորդի Արցախի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, մշտական ու երաշխավորված աշխատատեղեր կապահովի շրջաններում: 2017 թվականի «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով արդեն փորվել է 4 խորքային հոր Մարտունիի և Ասկերանի շրջաններում։ Աշխատանքների ավարտից հետո այս 4 հորերի շնորհիվ կոռոգվի մոտ 70 հեկտար տարածք, այգիների, ցորենի արտերի ու տեխնիկական մշակաբույսերի ոռոգման համար ջուր կունենան մոտ 40 ընտանիք։ Այս պահին շինարարներն իրականացնում են խորքային նոր հորերի հորատման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է հորատել 37 խորքային հոր, որի շնորհիվ Արցախում ոռոգելի կդառնա շուրջ 900 հա տարածք․ դրանից նախնական տվյալներով օգտվելու է 850 ընտանիք։ Հենց այս ծրագրերի ամողջականացմանն էլ կնպատակաուղղվեն նաև 2018 թվականի նոյեմերին կայանալիք հեռուստամարաթոնին հան գնակաված գումարը։

ԼՂՀ Նախագահի զեկույցից հետո, տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տեղական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն գործադիր վարչության կողմից: Խորհուրդը միաձայն հաստատել է «Մարաթոն-2018»-ի նպատակաուղղվածության մասին զեկույցը:

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը` Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե հանրապետության Նախագահն է: Խորհրդի կազմում են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, ԼՂՀ նախագահը, ՀՀ և ԼՂՀ վարչապետները, ՀՀ Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի և Կենտրոնական բանկի նախագահները, նախարարներ, երեք ավանդական կուսակցությունների, խոշոր բարեգործական կազմակերպությունների` ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները, սփյուռքահայ ճանաչված բարերարներ ու գործիչներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Գործունեության 26 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: