Գրենական պիտույքներ լոռեցի փոքրիկներին բրիտանահայերից
Հրապարակվել է Հունիս 01, 2018

Ավտոբուսը չկանգնած դպրոցի բակից հնչում է ուրախ բացականչությունը` «Եկա՜ն»: Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքի դպրոցականները սպասում էին բրիտանահայ բարեկամներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին բարերարների ու ընկերների հետ Նոր Խաչակապ էին եկել նվերներով: Գրենական պիտույքներով լի պայուսակները Նոր Խաչակապի դպրոցականներին հատ առ հատ անձամբ էլ հանձնեցին:

«Այս ծրագիրը իրականացնում ենք այն հեռու ժամանակներից, երբ հայաստանցի փոքրիկները կոշիկ չունեին հագնելու: Սկբում հենց կոշիկներ էլ բաժանում էինք: Հետո սկսեցինք անհրաժեշտ գրենական պարագներ բերել. ծնողներն էին հաճախ մոտենում, ասում էին, որ ծախսատար է, - պատմում է տիկին Կարապետին, - Հայաստանի տարբեր մարզերի տասնյակ գյուղերի դպրոցներում ենք բաժանել այսպիսի պայուսակներ: Երեխաների կրթությունն ամենից գլխավորն է, նրանց համար պայմաններ ստեղծելը հույժ կարևոր է»:

Գևորգն ու Նունեն միմյանց հերթ չտալով ու իրար օգնելով բացում են նոր նվեր ստացած պայուսակները: Գունավոր մատիտներն ու գրիչները, տետրերն ու գրքույկները ցույց են տալիս իրար ու համեմատում` ումն է ավելի լավը: «Սեպտեմբերին, երբ դպրոց գնամ, պետք է սիրուն-սիրուն գրեմ էս տետրերի մեջ, ջնջումներ չեմ անի», - մեզ է ասում ու ինքն իրեն խոսք տալիս 2-րդ դասարանցի Գևորգը: Նունեն էլ, որ նրանից մեկ տարով է մեծ, կասկածանքով է նայում տղային,- «Բայց տես, հա՜, մինչև սեպտեմբեր չփչացնես»:

Տիկին Կարապետիի հետ պայուսակները երեխաների ուսին է գցում նաև Ռիչարդ Անուշյանը: Հենց նա է ֆինանսավորել Նոր Խաչակապի դպրոցականներին գրենական պիտույքներով ապահովելու ծրագիրը: «Այս փոքրիկների պսպղուն աչքերը տեսնելն ամենամեծ շնորհակալությունն է», - ասում է բրիտանահայ բարերար Ռիչարդ Անուշյանը:

Մինչև երեխաները նվերներով լի պայուսակներն են ուսումնասիրում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի բրիտանական պատվիրակության անդամները շրջում են Նոր Խաչակապի դպրոցում: Այստեղ 65 աշակերտ է սովորում: Կրթօջախն ակնհայտորեն նորոգման կարիք ունի: Տիկին Կարապետին երեխաներին ու ուսուցիչներին հրաժեշտ է տալիս հույսով, որ նորից կհանդիպեն մեկ այլ կարևոր գործ անելու առիթով: