Իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները 1 300 000 դոլար նվիրաբերեցին Մատաղիս-Թալիշ ճանապարհի նորոգման համար
Հրապարակվել է Հունիս 05, 2018

Նոյեմբերին տեղի ունենալիք դրամահավաքին ընդառաջ Համահայկական հիմնադրամն արդեն ստացել է խոշոր նվիրատվության հերթական խոստումը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը Արցախ այցի ժամանակ միացել էին իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները։ Նրանք Արցախում մասնակցել են Թալիշի վերածնունդ նախագծի բացմանը: Գյուղ տանող ճանապարհին անցնելով Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհով ու տեսնելով դրա անմխիթար վիճակը, որոշում էին կայացրել ֆինանսապես աջակցել ճանապարհի նորոգմանը։

Հարցը քննարկվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ, որից հետո որոշվել է 1 մլն 300 հազար դոլար նվիրաբերել ճանապարհի մի հատվածի հիմնանորոգման համար։

Բարերարը վերջին տարիներին ուշադրությամբ հետևում է Հիմնադրամի կատարած աշխատանքին, 4 տարի է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի ատենապետ Արին Քարիմյանը նրանց հետ պարբերաբար քննարկում է գործակցության հնարավորությունները։ Արդյունքում՝ նոյեմբերին բարերարները կկատարեն իրեն խոշոր նվիրատվությունը։