Հանդբոլն Արցախում. Ֆրանսահայերը զարգացնում են արցխացիների սիրելի սպորտը
Հրապարակվել է Հունիս 06, 2018

Մինչև ամբիոնի մոտ ելույթներ են հնչում, Ստեփանակերտի հանդբոլի նոր խաղադաշտը շրջապատում են փոքրիկները: Հարևան շենքերի երեխաները ցանկապատի հակառակ կողմից են ուսումնասիրում խաղահրապարակը:

«Ֆրանսիահայ ավելի քան 45 հազար ընտանիքներ են մասնակցում ամենամյա հեռախոսամարաթոնին: Այդ հանգանակություններով մենք բազմաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչում Արցախում և Հայաստանում: Այս նոր խաղադաշտը ևս մեր նվերն է Ստեփանակերտին», - բարձրախոսով հայտարարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի փոխատենապետ Միշել Փազումյանը, -«Հանդբոլի խաղադաշտի կառուցումը ֆինանսավորել է իմ լավ ընկերը, հայերի մեծ բարեկամ ֆրանսիացի Ժիլ Էտանժեն»:

Խաղադաշտի ցանկապատից հետևող երեխաները ձգվում են ոտքերի վրա, որ տեսնեն` երբ են ելույթներն ավարտվելու ու խաղը սկսվելու: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը մաղթում է, որ Արցախն այս խաղադաշտում հանդբոլի չեմպիոն դառնա ու խաղադաշտը վերջապես զիջում են մարզիկներին:

Արցախն ընդդեմ Ֆրանսիայի. սա միջազգային հանդիպում է, որ կրում է զուտ ընկերական բնույթ: Ստեփանակերտի հանդբոլի խաղադաշտն առաջինը փորձարկում են արցախցի ու ֆրանսիացի հանդբոլիստները: Խաղահրապարկի շրջակայքում փոքրիկ հանդիսատեսը լարվում է, բարձր բղավում` «Առա՜ջ, Արցախ»:

Ձեռքից ձեռք փոխանցվող գնդակի գլխապտույտ անցուդարձի ոչ մի վայրկյանը Մարատը աչքից բաց չի թողնում: Մանկության սպորտաձևն է, նախկինում մարզվել է Արցախի հավաքականի ավագի` Վարդգես Մխիթարյանի մոտ: Հիմա մարզչի խաղին է հետևում ու նորից սիրահարվում հանդբոլին: «Խաղից հետո կմոտենամ, նորից գրանցվեմ մարզումների համար», - ասում է Մարատը: 8-րդ դասարանում է սովորում, հանդբոլը ձյուդոյով էր փոխարինել, մարզվելու պայմաններ չկային, Ստեփանակերտի 2-րդ դպրոցի հանդբոլի դաշտն էր միայն, որը չէր համապատախսանում միջազգային ստանդարտին: Հիմա բոլոր պայմանները կան, որոշումն էլ կայացված է` Մարատ Շահնազարովը կվերադառնա ձեռքի գնդակի խաղին: «Հանդբոլն Արցախում ամենասիրված ու տարածված մարզաձևերից է: Ուզում եմ պրոֆեսիոնալ հանդբոլիստ դառնալ ու ներկայացնել մեր երկիրն աշխարհում», - նշում է Մարատը: Կողքին կանգնած կրտսեր դպրոցականներն էլ նույն ցանկությամբ են վարակվում. հենց խաղից հետո կհերթագրվեն: Փոքրիկ հանդբոլիստների թիմը պատրաստ է մեծերից հետո խաղահրապարակը գրավելուն: Հենց այդպես էլ անում են:

Ֆրանս-արցախյան հանդբոլն ավարտվում է ընկերական ձեռքսեղմումով, թեպետ գավաթը ֆրանսիացիներն են պահում գլխավերևում: Բայց դա փոքրերին էլ չի հետաքրքում. նրանք իրենց երազանքների հետևից են արդեն վազում: