Սփյուռքի նախարարն այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Հրապարակվել է Հունիս 12, 2018

Ճանաչողական և գործընկերային տրամադրությամբ Մխիթար Հայրապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հյուրն էր: Սփյուռքի նախարարը Հիմնադրամի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմին ու աշխատելաոճին: Արա Վարդանյանը Սփյուռքի նորանշանակ նախարարին ներկայացրեց Հիմնադրամի 26-ամյա գործունեության պատմությունը:

Առանձնազրույցից հետո Սփյուռքի նախարարն ընդգծեց, որ նախարարություն-Հիմնադրամ գործակցությունն ընդլայնվելու է, իսկ առաջիկա ծրագրերը հետագա քննարկումների գլխավոր թեման են լինելու: «Իմ պաշտոնավարումից սկսած մենք ավելի ակտիվ կսկսենք համագործակցել և աշխատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ: Առհասարակ, կոնցեպտուալ առումով պետություն-հիմնադրամներ համագործակցությունը պետք է նոր մակարդակի վրա դրվի: Թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը, թե Սփյուռքի նախարարությունը, և թե աշխարհասփյուռ համահայկական մյուս կառույցները ունեն մեկ առաքելություն, այն է՝ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման ապահովումը: Հիմնադրամի հետ այս պահին կոնկրետ ծրագրային գործակցության քննարկում չենք ունեցել, բայց կրկնեմ` մեր նպատակն ընդհանուր է`ծառայում ենք նույն գործին», - նշեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարի հետ հանդիպման կարևորությունն ընդգծելով, Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց, որ հանդիպումն անշուշտ կունենա դրական արդյունքներ: «Շուտով կքննարկենք համագործակցության շուրջ ծրագրեր: Բայց պետք է չմոռանալ, որ մեր կառույցները տարբեր գործառույթներ ունեն. նախարարոթյունը սփյուռքահայությանը դեպի Հայաստան բերելու, հայապահպանության հարցերով է զբաղվում, իսկ մենք զբաղվում ենք դրամահավաքով, միգուցե Հիմնադրամն էլ ապագայում սկսի նմանատիպ ոլորտներում աշխատել», - ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գոծադիր տնօրեն Արա Վարդանյանը, - «կան ոլորտենր, որ հիմա հետաքրքիր են և մեզ, և նախարարությանը, խոսքը Սփյուռքի գիտական ներուժի մասին է»:

Իր 26 տարվա գործունեության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է ավելի քան 350 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում և Արցախում, 1100-ից ավելի խոշոր ծրագիր հայկական երկու հանրապետություններում: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: