Հրաժեշտ կտուրին. Մարկոսյանների ընտանիքը կյանքը վերսկսեց նոր տանը
Հրապարակվել է Հունիս 13, 2018

«Գյումրիի Կառլսոններն էինք», - կատակում է տիկին Հերիքնազը: Ժպիտով էլ ուղեկցում է այսպես կոչված տուն, որն ամենևին էլ տան նման չէ: Երկու երեխաների ու անկողնային հիվանդ մոր հետ ապրում են բնակելի խալխուլ շենքի ձեղնահարկում: Արդեն 18 տարի ամառ, թե ձմեռ գրեթե բաց երկնքի տակ են լուսացրել` կտուրի տակ: «Դոմիկին երանի էինք տալիս: Այս պայմանների համեմատ պալատ է», - ասում է կանաչաչյա երիտասարդ կինը, որը դեռ չգիտի` մի քանի րոպե է բաժանում իրեն երազանքից:

Լուսանկարիչն ու օպերատորը նկարում են ձեղնահարկի տակ գտնվող նրա կացարանը. տիկին Հերիքնազի համար սովորական է, շատ անգամ ու շատ կազմակերպություններից են եկել, տեսել, հույս տվել ու անվերադարձ հեռացել: «Երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամից զանգեցին, հասկացա, որ տուն կունենանք վաղ, թե ուշ», - ասում է կիսաթաց աչքերով, - «ամեն անգամ, երբ հեռուստացույցով տեսնում եմ` ինչպես է Հիմնադրամը մի նոր ընտանիքի էլ փրկում, իրենց հետ հավասար արտասվում եմ ուրախությունից»:

Այդ պահին էլ Հերիքնազ Մարկոսյանի փոքր տղայի հետ ձեղնահարկի ցածր դռների մեջ է հայտնվում մի բարձրահասակ մարդ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանն է, որին Մարկոսյան ընտանիքի պատմությունը վաղուց է հայտնի: Այդ մասին տիկին Հերիքնազը չգիտի էլ: Հիմնադրամի գերմանահայ ներկայացուցիչները չեն ձգձգում վաղուց սպասված պահը. Հերիքնազ Մարկոսյանի դպրոցական երեխաներին են տալիս նոր տան բանալին: Միասին էլ անմիջապես այցելում են նոր բնակարան` նորոգված ու կահավորված, համալրված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով:

Լյուդան թարգմանչուհի կդառնա. Սերգեյը շեֆ-խոհարար է լինելու: Նոր կյանքի առաջին իսկ րոպեները անկողնուց վեր են հանում նաև տան մեծին: Տիկին Հերիքնազի մայրը, որի ոտքերը ցրտահարվել էին ձեղնահարկի տակ անցկացրած ձմեռների, մոռանում է բոլոր ցավերի մասին ու շտապում է խոհանոց` տատիկի պարտականությունները կատարելու:

Մարկոսյաններին նոր տանը հրաժեշտ տալուց հետո Ժիլբեր Մոմջյանն ու ընկերները այցելեցին ևս մեկ գյումերցի միայնակ մոր: Նաիրա Մարտիրոսյանն էլ երեք երեխաների հետ իր կիսախարխուլ դոմիկում հյուրընկալեց Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետին: Այս ընտանիքի բնակարանի հարցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուշադրության կենտրոնում է` հրատապ ազդանշանով: Մինչև հիմա գերմանահայերի ֆինանսավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարան է նվիրել 7 ընտանիքի: Ընդհանուր առմամբ՝ վերջին երկու տարում Հիմնադրամը 36 բնակարան է հանձնել Գյումրիի դոմիկներում ապրող ընտանիքներին: