Բարեգործությունը որպես կենսակերպ. Հիմնադրամի թոշակառու նվիրատուն
Հրապարակվել է Հունիս 15, 2018

«Երևի սխալվել եք, առողջապահության նախարարությո՞ւն եք գնում», - հարցնում եմ տարեց կնոջը, ում հանդիպեցինք Հիմնադրամի մուտքի մոտ: Չի սխալվել, մենք ենք նոր. տիկին Ելենան «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ է մտնում որպես հարազատ: Ուղեկցելու կարիք չկա, բոլոր բաժինները գիտի, բոլորին գիտի, իրեն էլ շատ լավ են ճանաչում: Հիմա ինքն է ուղեկցում անցյալ` Հիմնադրամի գործունեության ու վստահության տարիներով: «Աղջիկ ջան, ամեն տարի հունիս 1-ին այստեղ եմ, առաջինն եմ գալիս: Էս տարի ուշացա, ամուսինս վատառողջ էր, մենակ եմ եկել», - պատմում է հաշվապահություն գնալու ճանապարհին:

79 տարեկան է: Վերջին 10 տարիների ամռան առաջին օրվա առավոտը Ելենա Աղաջանյանը սկսում է հիմնադրամցիների հետ: «Էս է, Գայան ջան, 2000 դրամ, ինչպես միշտ` հիվանդ երեխաների համար», - գումարը դնում է սեղանին ու պատմում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուն է շատ վաղուց, վերջին շրջանում հենց երեխաների օգնության համար է թոշակից գումարն առանձնացնում, - «Մեր երեխեքը լավն են, շատ լավն են, ամեն մեկը պետք է իր հնարավորության չափով ներդրում անի, իրենք են երկրի ապագան: Թեկուզ 10 դրամով, գումարի չափը ի՞նչ կարևոր է, հիմա իմ ունեցածը էս 2000 դրամն է, իմ թոշակն է, իմ աշխատանքը, որով ուզում եմ մի բանով օգտակար լինել»:

Ելենա Գևորգովնան նախկին դասախոս է, քաղաքատնտեսություն է դասավանդել համալսարանում: Ասում է` դեռ խորհրդային տարիներից է բարեգործությունն իր կյանքի կենսակերպը, սկզբում ուսանողների հետ էր հանգանակություններ անում, մինչև Չերնոբիլ տիկին Ելենայի փոքրիկ գումարը հասել է: «Մարդ պետք է հավատք ունենա, հասկանո՞ւմ ես, աղջիկ ջան: Ես հավատում եմ Հիմնադրամին, տեսնում եմ, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ իմ տված երկու կոպեկն անգամ մեծ նշանակություն ունի: Ես դրանից ինձ լավ եմ զգում: Լավ եմ զգում, ոչ թե տալու համար, այլ Հիմնադրամի գործունեության արդյունքի», - ընդգծում է Ելենա Գևորգովնան ու խիստ տոնով հրաժարվում լուսանկարվելուց. ցուցադրության համար չի նվիրատվություն անում. տղաներին ի՞նչ կասի, բա թոռներն ի՞նչ կմտածեն: Համոզելու փորձերը զուր են, չի նկարվել նախորդ տարիներին, հիմա էլ չի նկարվի, բայց իր մասին գրել, ի վերջո, թույլ տալիս է: Այն, որ օրինակ է, այն, որ իր արարքը ոգևորիչ է և ուսանելի, տիկին Ելենան պատասխանում է. «Օրինակ եմ, օրինակ չեմ, ես ձեզ մի բան ասեմ, Աստվածաշնչում լավ խոսք կա` մարդու ուրախությունը իր բարեգործության մեջ է: Էս է, վերջ»:

Հետո Ելենա Գևորգովնայի հետ զրույցը առօրյա ու կենցաղային է դառնում, ոտքերն են շատ ցավում, ամուսինն էլ լավ չի զգում իրեն, կարևորն այս տարի էլ հասցրեց գալ: Հիմնադրամը տան պես է, ինքն էլ մեծ ընտանիքի անդամ: Ցտեսություն է ասում, ոչ թե հաջողություն. «Մյուս տարի կհանդիպենք»: Կարևորը հավատքն է, կարևորը հավատալու ցանկությունն է: