Գյումրեցի ևս մեկ ընտանիք հրաժեշտ տվեց դոմիկային անցյալին
Հրապարակվել է Հունիս 21, 2018

Եղոյան ամուսինները համատեղ կյանքը սկսեցին դոմիկում՝ խոնավ ու վատ պայմաններում: Այդպես ապրեցին 26 տարի։ Դոմիկում ծնվեցին ու մեծացան նաև նրանց երեխաները` Տիգրանն ու Կարինեն:

Տիկին Ջուլիետան մարզիկ է եղել: Հանդբոլիստի կարիերայի մասին մոռացավ երկրաշարժից հետո: Ավերակների տակ մնաց նաև հիմնական մասնագիտությամբ` ռադիոտեխնիկայով զբաղվելու երազանքը: Փոխարենը իրար հաջորդեցին կենցաղային, ֆինանսական ու առողջական խնդիրները:

Ընտանիքը դոմիկի ամենօրյա դժոխքից փրկել պարոն Աշոտը փորձում էր շինարարական մանր աշխատանքներով: Ստացվում էր այնքանով, որքանով հնարավոր էր գոյություն պահպանել:

Երիտասարդությունը հետերկրաշարժյան Գյումրիի ամենատխուր թաղամասերից մեկում` Բուլվարայինում սկսած Տիգրանն ու Կարինեն էլ աշխատում են ծնողների հոգսը թեթևացնելու համար: Կարինեն ձյուդոիստ է, բայց որպես վաճառողուհ աշխատում է մթերային խանութում: Տիգրանն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Բանակից հետո ծրագրավորում է սովորում: Երազանքը միլենիումի պահանջված մասնագետ դառնալն է:

Հիմա սկսվում է նրանց կյանքի նոր փուլը այդքան երազած տանը։ ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության շնորհիվ գյումրեցի Եղոյանների 4 հոգանոց ընտանիքը տեղափոխվեց ամբողջովին նորոգված, նոր կահույքով ու տեխնիկայով համալրված տուն։

Նրանց ընտանիքը 36-֊րդն էր, որ Համահայկական հիմնադրամի աջակցությամբ վերջապես լքեց իր դոմիկը: Նախագիծն իրականացվում է 3-րդ տարին: Յուրաքանչյուր տուն, որ նվիրվում է գյումրեցի ընտանիքին, հիմնովին նորոգված, կահավորված ու կենցաղային տեխնիկայով համալրված է: Տան արժեքն է 25 հազար դոլար: