Արցախը ևս կունենա այլընտրանքային էներգիա. Քարինտակում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ
Հրապարակվել է Հունիս 26, 2018

Արևային ջրատաքացուցիչներ Քարինտակի տանիքներին. Արցախում այլընտրանքային էներգիայի կիրառման պրակտիկան «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է հերոսական գյուղից: Շուշիի քերծերից ներքև տեղակայված համայնքում արդեն տեղադրվել են արևային ջրատաքացուցիչ սարքավորումներ: «Արևային ջերմությունից օգտվելը էականորն կթեթևացնի քարինտակցիների սոցիալական հոգսը: Թեպետ գյուղը գազաֆիկացված է, բայց կենցաղում էլեկտրաէներգիայի կամ գազի կիրառումը ծախսատար է», - նշում է Քարնտակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը: Ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը` Հեռախոսամարաթոն-2017-ի հանգանակություններով: Արդեն տեղադրվել են 8 ջրատաքացուցիչներ:

Գյուղը գտնվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում: Հիմնադրամի արգենտինահայ բարերարների հովանավորությամբ Քարինտակում կառուցվել է համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամատակարարման համակարգը, կառուցվել է մարզական դահլիճ և դպրոցական հանդիսությունների սրահ: Գյուղի նորաբաց մանկապարտեզն էլ կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի և Կիպրոսի տեղական մարմինների, Արցախի կառավարության և արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան ընտանիքների, Քիրքոր Շիմշիրողլուի համատեղ գործակցության շնորհիվ:

50 տեղանոց մեկ հարկանի մանկապարտեզն ունի անհրաժեշտ բոլոր հարմարությունները` ննջասենյակ, ճաշասենյակ, խաղասրահ: Սաների թիվն այս պահին երկու տասնյակ է, բայց ավելանալու միտում կա: Գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով՝ գյուղում տարեցտարի ավելանում է ծնունդների թիվը, և այստեղ մանկապարտեզի խիստ կարիք կար: «Մեր գյուղացիներն ամուր կապված են իրենց հողին. նույնիսկ պատերազմի տարիներին, երբ գյուղն արկերի տակ էր, մերոնք չլքեցին իրենց տունը: Այսօր, համայնքումմեկը մյուսին հաջորդող ծրագրերի շնորհիվ քարինտակցիներն ապրում են ավելի բարեկեցիկ կյանքով և հավատով են լցված վաղվա օրվա հանդեպ» ,- ասում է գյուղապետը:

Շուշի քաղաքից 5կմ հեռավորության վրա գտնվող Քարինտակ համայնքը հիմնադրվել է 18-րդ դարում: Գյուղն ունի 667 բնակիչ, 161 տնտեսութուն: Այն արցախյան ազատամարտի ընթացքում մեծապես տուժած համայնքներից է: