Մարի Թերզյանի հիշատակի վոլեյբոլի մրցաշար Խաչարձանում
Հրապարակվել է Հուլիս 09, 2018

Բարձրահասակ ու ամրակազմ տղամարդը եկավ հեռախոսի տեսախցիկը միացրած. ոչ մի ժպիտ չի ուզում բաց թողնել: Ընտանիքին ու ընկերներին տպավորությունները փոխանցելու մեր ժամանակների ամենաօպիտալ տարբերակն է սմարթֆոնը: Իրենց նոնստոպ նկարող արգենտինահայերն էլ խաչարձանցիների ամենասպասված հյուրերն են:

Այս անգամ Տավուշի մարզի Խաչարձան համայնքում դիմավորեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերար Կարլոս Թերզյանին: Նրա համար անակնկալը ողջույնի խոսքերից հետո հնչեց. Մարի Թերզյանի հիշատակին նվիրված Խաչարձանի վոլեյբոլի ամենամյա առաջին բաց մրցաշար: Ցուցատախտակի սավանը պարոն Թերզյանն ինքը բարձրացրեց, կարդաց ու արցունքները չկարողացավ թաքցնել:

23-ամյա Մարի Թերզյանը 2014-ին հեռացավ կյանքից: Ծնողների մխիթարանքը Մարիի երազանքներն իրագործելն էր, որոնցից մեկն էլ Հայաստանի երեխաների կյանքը փոխելու Մարիի ցանկությունն էր: Թերզյան ամուսինները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով հովանավորեցին Խաչարձանի մարզադպրոցի կառուցումը: «Սա իմ աղջկա հիշատակը հավերժացնող յուրահատուկ կոթող է: Երջանիկ ենք ու շնորհակալ, որ այս սպորտդպրոցի գործելով Մարին շարունակում է ապրել», - խաչարձանցիներին խոստովանեց Կարլոս Թերզյանը:

Խաչարձանի սպորտդահլիճը բացվել է 2016-ին: Սպորտային իրադարձությունների պակաս այստեղ չի եղել, բայց այսպիսի խորհրդով ու տրամադրությամբ առաջինն էր: Խաչարձանի վոլեյբոլի առաջին մրցաշարում համագյուղացիները խաղացին միմյանց դեմ: Հաղթեց հայ-արգենտինական բարեկամությունը, իսկ սպորտային մրցակցությունը կշարունակվի Խաչարձանի և հարևան համայնքների երիտասարդների միջև:Կառույցը միջհամայնքային նշանակություն ու կիրառություն ունի:

Արգենտինահայ բարերար մի քանի ընտանիք է հովանավորում Տավուշի Խաչարձան համայնքը: Կալչյանների, Ավագյանների, Թերզյանների ֆինանսավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Խաչարձանում վերանորոգել է նաև միջնակարգ դպրոցը, լուծել գյուղի խմելու ջրի խնդիրը, նպաստում են մեղվաբուծության զարգացմանը` փեթակներ նվիրելով խաչարձանցի մեղվապահներին, կրթաթոշակ են տալիս Խաչարձանի ուսանողներին, հիմա էլ ասֆալտապատվում ու նորոգվում է համայնքի գլխավոր ճանապարհը: Խաչարձանում կատակում են` Արգենտինայի դեպսանատունն այստեղ պետք է տեղափոխել: