Լուսանկարներ
«Պողոսյան պարտեզներ». Քաղաքի կենտրոնում` քաղաքից դուրս
Արդեն տասը տարի «Պողոսյան պարտեզներում» կամ «Սիրահարների այգում» են ֆրիլանսերները սիրում աշխատել, սիրահարները` հանդիպել, մեծերն ու փոքրերը` հանգստանալ: Ըստ թամանյանական Երևանի հատակագծի այս այգին պետք է կատարեր մայրաքաղաքի թոքերի ֆունկցիան, սակայն անկախության առաջին տասնամյակում Սիրահարների այգու այդ գործառույթը պարզապես դադարեց: 2006-ին բարերար Ալբերտ Պողոսյանը նախաձեռներց Սիրահարների այգու «վերականգնողական վիրահատությունը»: Հայաստան հրավիրվեց լանդշաֆտային ճարտարապետության մասնագետ Պիեր Ռամբախը: Այդպես «Պողոսյան հիմնադրամը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նախաձեռնեց Երևանի ամենագեղեցիկ կանաչ գոտու վերականգնումը: «Պողոսյան» հիմնադրամը Հայաստանում ծրագրեր է իրականացնում 1994-ից: Միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Պողոսյանները նվիրաբերել են ավելի քան 2 միլիոն դոլար: Պողոսյան պարտեզների լանդշաֆտային դիզայնը վերջին տարիներին համալրվել է նաև աշխարհում հայտնի արվեստագետների քանդակներով: Կանաչ մարգագետինների, արհեստական ջրվեժների ու առվակների, հատընտիր ծառատեսակների կողքին կարելի է տեսնել Գևրրգ Էմինի արձանը, լիբանանացի ժամանակակից անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» եռամաս քանդակային կոմպոզիցիան, Ժան-Միշել Օտոնիելի «Օբսիդիանե սիրտը»: «Պողոսյան պարտեզներն» առաջինն էր, որ այցելուների առաջ դրեց իր «օրենսգիրքը»: Պարտեզի պահպանությանը միտված կանոնները մինչև օրս էլ գործում են անխախտ ու անխափան. մարգագետինները չեն տրորվում, իսկ աղբն էլ միշտ հայտնվում է տեսակավորված աղբամաններում: