«Տիրամայր Հայաստանի» ճամբար. ջերմություն ու սեր հայ որբերին
Հրապարակվել է Հուլիս 30, 2018

«Ես պետք է ոստիկան դառնամ», - ասեղը կոճակի անցքով զգուշորեն անցկացնելով` հայտարարեց Համլետը, - «Բայց ինչի՞ զարմացաք: Պետք է չէ՞ ինչ-որ մեկը չարագործներին բռնի»: 9-ամյա տղան հաստատ է որոշել` այդ մեկն ինքն է լինելու: Չարի ու բարու մասին սպիտակցի փոքրիկը գիտի ավելին, քան որևէ մեծահասակ: Հիմնականում դժվար կենցաղային պայմաններն են սովորեցրել, կարևոր բաներ էլ բացատրել է քույր Ռեբեկան: Համլետն էլի շատ բաներ է սովորել «Տիրամայր Հայաստանի» ծաղկաձորյան ճամբարում, օրինակ, անգլերեն սովորել է ամերիկահայ ուսուցչուհիներից, նկարում է ամերիկացի Ջիմ Դեյլիի օգնությամբ, երգում, պարում, մարզվում, համակարգչից օգտվում է ճամբարի մյուս ուսուցիչների ու քույրերի օգնությամբ: Հիմա էլ կար է անում, կոճակներով խաչի պատկեր է, հատուկ նվեր. - «Մամայիս համար է: Տանելու եմ ցույց տամ, ասեմ` մամ ջան, վերցրու, որ մյուս անգամ ճամբար գամ, ինձ հիշես ու չկարոտես»: Տանը նրան սպասում են մայրն ու երկու եղբայրները: Համլետը տուն կվերադառնա այնքան շատ տպավորություններով ու գիտելիքով, որ ամբողջ տարին կբավարարի իրեն էլ, եղբայրներին էլ:

Համլետը հարյուրավոր երեխաներից մեկն է, որի ամառն անցնում է «Տիրամայր Հայաստանի» հարկի տակ: Որբ, անապահով ու բազմազավակ ընտանիքիների 8-ից 14 տարեկան մոտ 1000 երեխա են այս տարի ընդունել ծաղկաձորյան ճամբարում: Այստեղ նրանք ստանում են նաև ջերմություն, որ ամենաթանկն է նրանց համար: «Բայց մենք էլ ենք նրանցից փոխադարձ ջերմություն ու սեր ստանում», - ասում է տիկին Մարին, որ երրորդ տարին է` դստեր հետ ԱՄՆ-ից գալիս է Հայաստան հենց այս կամավոր աշխատանքը կատարելու համար, - «Նախորդ տարիներին նկարչություն ենք դասավանդել, համակարգչային հմտություն: Այս անգամ որոշեցինք անգլերենի դասերն անցկացնել: Երեխաները հրաշք են, խելացի ու պատրաստակամ սովորելու, կարծես, գիտակցում են, որ ուսումն է իրենց դուրս բերելու կյանքի ետնախորշից»:

«Դեղին, սպիտակ, կապույտ», - Ջիմ Դեյլին թվարկում է հայերեն իմացած հատուկենտ բառերը: Նկարչության դասի համար բավարար է, երեխաների հետ իրար հասկանում են նաև ժեստերի լեզվով, - «Շատերն այնքան մեծ հոգեբանական տրավմայով են գալիս ճամբար, որ չգիտենք էլ՝ ինչպես օգնենք: Այդ դեպքերում լավագույն տարբերակը չխոսելն ու գույներով հաղորդակցվելն է»:

90-ականների սկզբին այդպիսի տրավմայով հազարավոր երեխաների տեսան Իրանից եկած «Անարատ Հղիության Հայ Քույրերի Միաբանության» 3 քույրերը: Եկել էին ժամանակավոր, մնացին` մշտական: Քույրերը հաստատվեցին Գյումրիում ու սկսեցին հոգ տանել երկրաշարժից հետո որբ մնացած փոքրիկներին: 1998-ին «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցեց «Տիրամայր Հայաստանի Պողոսյան» կրթահամալիրը: Տարիների ընթացքում կրթահամալիրն ընդլայնվեց, հիմա գործում են «Տիրամայր Հայաստանի» արհեստի դպրոցը, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, «Տիրամայր Հայաստանի» ճամբարը, «Նատին Պասմաճեան » տարեցների ցերեկային կենտրոնը, «Անի Պեզիքեան» երիտասարդական կենտրոնը:

«Տիրամայր Հայաստանում» քույրերը ստեղծել են մի միջավայր, որտեղ երեխաները մեծանում են մտավոր և հոգևոր, ընկերային, ֆիզիկական ու զգացմունքային ունակություններով, որտեղից սաները դուրս են գալիս որպես կրթված, ինքնաբավ և կայացած անհատներ: