Արցախցի երկու բազմազավակ ընտանիք նշեցին բնակարանամուտ
Հրապարակվել է Օգոստոս 03, 2018

Սամսոնն ու Սաթենիկը Հայաստանից են տեղափոխվել Նոր Մարաղա։ Արդեն 12 տարի է արցախցի են։ Մեծացնում են հինգ երեխա՝ երկու աղջիկ, երեք տղա։ Կրտսերը երկու տարեկան Հովիկն է։ Ապրում էին փոքր գյուղական տնակում։ «Անցած տարի պարոն Մկրտիչը այցելեց մեզ ու խոստացավ մեզ համար նոր տուն կառուցել։ Մեկ տարի անց այս տոնն է մեր ընտանիքում», - պատմում է Սաթենիկը։ «Տորոնտոյի Հայաստան» հիմնադրամի ղեկավարին Նոր Մարաղայում հարազատի պես են վերաբերում ու ճանաչում են գրեթե բոլորը։

Տորոնտոհայերի ֆինանսավորմամբ է կառուցվել բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնը։ Համագյուղացիներով այս անգամ էլ նշում էին Հարությունյան մեծ ընտանիքի բնակարանամուտը։ Տան ժապավենը կտրելու էր եկել Հիմնադրամի գործադիր տնօրենի ԺՊ Պետրոս Թերզյանը։ «Դուք այս հողում մեր ներկայացուցիչներն եք։ Մեր՝ համայն սփյուռքի, և քանի դեռ դուք ապրում ու պահում եք այս հողը, մենք էլ բազում գործեր ունենք անելու ձեզ հետ ու ձեզ համար», - նորմարաղացիներին ասաց Պետրոս Թերզյանը։

Հարությունյան ընտանիքը կապրի հիմնովին կառուցված, կահավորված ու կենցաղային տեխնիկայով համալրված նոր տանը։

Նույն օրը այդպիսի տուն տեղափոխվեց նաև Ճարտար քաղաքում բնակվող Մուսայելյան ընտանիքը։ Մանվելն ու Ալվինան նույնպես հինգ երեխայի ծնող են։ Ավագ դստեր հարսանիքը վերջերս են նշել։ Հիմա էլ հյուրասիրության սեղանը բացել էին տան նորամուտի առիթով։ Նրանց առանձնատունն էլ է կառուցվել Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամի» նվիրատուների հանգանակություններով։ Տորոնտոհայերի ֆինանսավորմամբ կառուցված 10-րդ տունն էր Արցախի բազմազավակ ընտանիքների համար, ընդհանուր առմամբ՝ Հիմնադրամի նվիրած 34-րդ տունը։