Տավուշի զարգացման ծրագրերում Հիմնադրամի ձեռնարկներին իր աջակցությունն է հայտնել մարզպետ Ղալումյանը
Հրապարակվել է Օգոստոս 06, 2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը Վահե Ղալումյանին ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերը Տավուշում: «Տպավորված եմ Համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերով Հայաստանում և Արցախում: հատկապես ուրախալի է մեր մարզում կատարված ծրագրերի ծավալն ու արդյունավետությունը: Պատրաստ եմ իմ լիազորությունների սահմաններում համագործակցել և օժանդակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագծերին Տավուշում», - նշել է մարզպետ Վահե Ղալումյանը:

Պետրոս Թերզյանը տեղեկացրել է, որ Համահայկական հիմնադրամը շարունակելու է Տավուշում սկսած նոր ծրագրի իրականացումը, այն է՝ արևային ջրատաքացուցիչների ներդրումը: Պիլոտային համայնք է ընտրվել Խաշթառակը, որտեղ 50 ընտանիք արդեն օգտվում է արևային էներգիայից: «Տավուշը մեր դիտակետում է և չափազանց կարևոր ենք համարում այս մարզի զարգացումը, քանի որ նախևառաջ այն սահմանային է: Անվտանգության ապահովումը այստեղ նախ տնտեսության զարգացումով է ապահովված, ինչն էլ անում ենք տասնյակ տարիներ», - ընդգծել է Պետրոս Թերզյանը:

Արդեն տասը տարի է՝ մարզում գործում է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու մարզի անասնապահական և գյուղատնտեսական ոլորտների զարգացմանը: Հիմնադրամը ստեղծվել և ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Ֆրանսիայի Օ-Դը –Սեն նահանգի համագործակցությամբ: «ՀիմնաՏավուշի» անասնաֆերման և կաթնամթերքի արտադրամասը գործում են Լուսաձոր գյուղում: Մարզպետն ու Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատարը շրջել են ֆերմայով, եղել կաթնամթերքի արտադրամասում: Կաթնամթերքի գործարանը աշխատանքով է ապահովում համայնքի 30 բնակիչների։ Հիմնատավուշի անասնաֆերմայում դանիական կովեր են բուծվում: Ֆերման համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին: Տավուշի Լուսաձոր համայնքում այս տարի կունենան նաև էլիտար սորտի ցորենի սերմնացու։ Առաջին բերքն է լինելու, աշնանն են ցանել. ութ հեկտար տարածքից ամենաքիչը 25 տոննա ցորեն են ակնկալում։ Դա կբավականացնի, որ գյուղի 110 ընտանիք էլիտար տեսակի ցորենի անվճար սերմ ունենա։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիահայ բարերարների շնորհիվ՝ Հիմնատավուշ հիմնադրամի միջոցով:

Տավուշի Խաչարձան համայնքն էլ իրենց հոգածության տակ են առել արգենտինահայերը: Իջևանում էլ ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամի» ֆինանսավորմամբ կառուցվում է երկհարկանի մանկապարտեզ: Հիմնադրամի շնորհիվ Բաղանիսում լուծվել է ոռոգման ջրի խնդիրը: Բրազիլահայերը Այգեհովիտում ջերմոցներ են կառուցում:

Տավուշում Հիմնադրամը գործում է գրեթե բոլոր ոլորտներում: