Դիտավանն ունի ժամանակակից սպորտհամալիր
Հրապարակվել է Օգոստոս 24, 2018

Տավուշի Դիտավան համայնքում բացվեց արգենտինահայ բարերար Արմեն Էքզերճիէանի անվան մարզահամալիրը: Նորակառույցի կարմիր ժապավենը կտրեց բարերարի այրին՝ Նատյա Էքզերճիէանը դիտավանցի փոքրիկ Արմենի հետ:

Մարզահամալիրի բակում տեղի ունեցավ նաև Արմեն Էքզերճիէանի հուշաքանդակի բացումը: Բժիշկները, երբ բարերարին հայտնել էին ծանր հիվանդության մասին, տեղեկացրել էին, որ միայն մեկ ճամփորդության հնարավորություն ունի: Արմեն Էքզերճիէանի այդ վերջին ճանապարհորդությունը եղել է Դիտավան:

Այսօր նրա անվան մարզահամալիրի բացման արարողությանը ներկա էին նաև ընտանիքի բարեկամներ ու Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Նշան Դևէճեանը և Գրիգոր Շիմիշիրօղլուն:

Դիտավանցի փոքրիկները հնարավորություն կունենան ֆիզկուլտուրայի դասերին մինի ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալ, մարզադահլիճը հարմար է տարբեր սպորտաձևերի պարապմունքների համար: Նույն շենքում գործելու է նաև նախակրթարան:

Էքզերճիէանները Համահայկական հիմնադրամի պատվավոր անդամ են, նրանց ֆինասավորմամբ է Դիտավանում վերակառուցվել դպրոցը, լուծվել ջրի ու գազի խնդիրը: Արգենտինահայ բարերարները նաև դրամական ու սոցիալական աջակցություն են տրամադրում դիտավանցիներին. այսօր դրամական աջակցություն ստացան 19 նորաստեղծ ընտանիք: