41-րդ փրկված ընտանիքը. Քաշանյանները դոմիկից տեղափոխվեցին նոր տուն
Հրապարակվել է Սեպտեմբեր 07, 2018

Գլուխը չի էլ բարձրանցնում անծանոթ հյուրերին նայելու. 5-ամյա Կոստիկն այդ պահին անհետաձգելի գործ ունի. իր հեծանիվն է նորոգում: 2 տարեկան Համլետն էլ իսկական վարպետի լրջությամբ ավագ եղբոր ասիստենտն է: Երկուսն էլ հպանցիկ են նկատում իրենց դոմիկի նեղ բակում հայտնված մարդկանց: Աշխարհն իր ամբողջ խնդիրներով կենտրոնացած է տղաների հեծանվի շուրջ:

Եղբայրները չեն էլ մտածում, որ մի քանի րոպեից այդ քարքարոտ բակն ու կիսասարք հեծանիվը մնալու են անցյալում: Փոխարենը տատիկն ու մայրը, նաև 10-ամյա քույրը՝ Քրիստինեն, ուշադիր լսում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին: Հիմնադրամի ծրագրերի համակարգող Վարդան Փարթամյանը չի չարաշահում նրանց համբերությունը. - «Լուսանջելեսաբնակ անանուն բարերարը տեղեկացել է ձեր ընտանիքի պատմությանը և ցանկություն հայտնել օգնել: Մենք այստեղ ենք ձեր նոր տան բանալիները փոխանցելու համար»:

Քաշանյանների 5 հոգանոց ընտանիքն դոմիկում էր ապրում արդեն 20 տարի: Տնակն իրենց չի պատկանում, այդ կիսաքանդ պատերի, ծակ հատակի, առնետների ու միջատների առատության համար Քաշանյանները վարձ էին տալիս: 28-ամյա Անի Եղոյանը Գյումրիում է ծնվել, նրա ամուսինը՝ Ռայմոնդ Քաշանյանը, մոր հետ Թբիլիսիից են տեղափոխվել Գյումրի: Այդ պատճառով սեփականություն չունեին:

Նրանց տուն նվիրած բարերարը, որը ցանկացել է անանուն մնալ, հայաստանցի է: 15 տարի առաջ է տեղափոխվել ԱՄՆ, հաջողությունների հասել և առաջին իսկ հնարավորության դեպքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով սկսել է օգնել կարիքավորներին: Քաշանյանները երկրորդ ընտանիքն էին, ում կյանքը հիմնովին փոխվել է բարերարի օգնությամբ: Ընդհանուր առմամբ՝ այս ընտանիքը 41-րդն էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների օգնությամբ նորոգված ու կահավորված բնակարան է ստանում: