Մի օր Արամի ու Ալեքսի ծաղկաձորյան հանգստից
Հրապարակվել է Սեպտեմբեր 14, 2018

«Արի գնանք առվակի մոտ, հա՞», - կապույտ մեծ աչքերով Ալեքսին մերժելն անհնար է: Առվակն ինքն է բացահայտել, հյուրատան հետնամասում է: Մայրիկի հետ օրը մի քանի անգամ առվակ հասնելն ու քար նետելը 4-ամյա տղայի հանգստի պարտադիր մասն է դարձել: Պարտադրանքն էլ ինքն է դրել: «Մինչև չենք գալիս էստեղ, չի հանգստանում», - ասում է Լիլիթը:

«Մեկ, երկու, հինգ, տասը, տասնհինգ, քառասունհինգ, հարյու՜ր քար եմ նետել ջուրը», - Ալեքսը հերթականն է գետնից վերցնում ու նետում առվակը: «Ազատության ու բնության կարոտ էր երեխեն», - պատմում է տղայի մայրը, - «Մեկ տարուց ավելի է՝ հիվանդանոցում էինք, հետո բնակարանում՝ փակված: Ճիշտ ժամանակին էր այս հանգիստը»: Երեխաների հանգիստը կազմակերպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ծրագիրը հովանավորել է ֆրանսահայ բարերար Արմեն Բուլբուլյանը:

Ալեքսը լեյկոզ ունի: 11-ամյա Արամը նույնպես: Միասին են բուժվել, միասին էլ հիմա հանգստանում են Ծաղկաձորում: Արամն, ի տարբերություն Ալեքսի, չխոսկան է, արդեն հասուն: Համակարգչային խաղերը նախընտրում է բակայինից, սիրում է շախմատ ու նարդի: Նաև մեքենա վարել գիտի:

Այսքանն իհարկե ինքը չի պատմում, այլ մայրիկը: Հասմիկն ասում է՝ Արամը միշտ է այսպես լուռ եղել: Ծաղկաձորյան առօրյան իրենց էլ էր անհրաժեշտ: Ուղղակի Արամը կրտսեր եղբորը շատ է կարոտել, տուն վերադառնալու ցանկությունը միայն դրանով է պայմանավորված: Իսկ Լիլիթը մտահոգ է՝ Ալեքսին առվակի մոտից ինչպես է տուն տանելու: