Բացվել է Ստեփանակերտի հիմնանորոգված թիվ 9 դպրոցը
Հրապարակվել է Հոկտեմբեր 05, 2018

Հիյմնովին նորոգված ու կահավորած՝ Ստեփանակերտի 9-րդ դպրոցի աշակերտները ուսումը կշարունակեն ժամանակակից պայմաններում: Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոսանջելեսաբնակ Թրփանջյան ընտանիքի Կրթական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Հանդիսավոր բացմանը ներկա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշել է, որ երկրի կայունության, զարգացման և իրական անկախության համար մեզ բոլորիս անհրաժեշտ են լուրջ կրթություն և գիտելիքներ:

«Ուրախ եմ, որ գործադիր տնօրենի պաշտոնում իմ առաջին այցը Արցախ համընկել է դպրոցի բացման հետ: Կարծում եմ՝ կրթօջախներն ունեն հայապահպան նշանակություն: Դպրոց ունենալով՝ տեղի բնակչությունը ստանում է կրթություն և հետագայում ամրանում իր հողին: Կատարված աշխատանքները գնահատում եմ բարձր: Շնորհակալություն եմ հայտնում նաև բարերար ընտանիքին և ԱՀ կառավարությանը՝ ծրագիրը կյանքի կոչելու համար»,- մասնավորապես ասել է Հ. Արշամյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի ատենապետ Մարիա Մեհրանյանն էլ նշել է, որ այս օրը նվիրված է կրթօջախի սաներին, քանի որ նրանք պետք է կրթվեն ու դառնան ազգի հպարտությունը:

«Երեխաներից յուրաքանչյուրը պետք է դառնա մեր ազգի օրինակելի և լուսավոր զավակը: Սա հայրենանվեր առաքելություն է ազատատենչ Արցախի բարգավաճ կյանքի համար: Ուրախ եմ, որ կա հիմնադրամը, որը դառնում է կամուրջ Սփյուռքի ու Արցախի միջև»,- ասել է Մ. Մեհրանյանը:

Միջոցառմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի ատենապետ Մարիա Մեհրանյանի և դպրոցի տնօրեն Արթուր Անտոնյանի կողմից դպրոցի բակում տնկվել են երեք եղևնիներ՝ որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդանիշ: