Արտո Թունջբոյաջյանը պատրաստ է դառնալ Հիմնադրամի դեսպանը սփյուռքում
Հրապարակվել է Հոկտեմբեր 16, 2018

Հյուրընկալել էինք Արտո Թունջբոյաջյանին: Հայտնի երաժիշտն իրեն համարում է Համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ Հիմնադրամի դեսպանը սփյուռքում՝ ազգային համախմբման նպատակով:

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Թունջբոյաջյանին ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նա նաև վստահեցրել է, որ Հիմնադրամն աշխատելու է առավել բաց ու արդյունավետ՝ բարձրացնելով հանրության վստահությունը:

Թունջբոյաջյանը խոսել է Հիմնադրամի նկատմամբ անկեղծ վստահության և դեպի ապագա միտված նորարարական ծրագրերի գաղափարների շուրջ: Առաջարկել է ներգրավել նաև պատանիներին և երիտասարդներին ու Հիմնադրամը դարձնել նորարար գաղափարներ գեներացնող իրական համահայկական առանցք: Կարևորել է էկո, առողջապահական և մշակութային տուրիզմի ծրագրերի իրականացում:

Միաժամանակ, հանրահայտ երաժիշտը առաջարկել է Հայաստանում հիմնել ստեղծարար մի կենտրոն, որտեղ հայ երիտասարդները նոր գաղափարներ ու մտքեր կարող են առաջարկել ողջ աշխարհին: Զրույցի ժամանակ ընդգծվել է, որ Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնելու նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափներին: