Պետք է շարունակել վստահել Հիմնադրամին. Նիկոլ Փաշինյան
Հրապարակվել է Հոկտեմբեր 21, 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լիբանանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ու կարևոր շեշտադրումներ արել:

Փաշինյանը նշել է, որ պետք է վստահությամբ վերաբերել Համահայկական հիմնադրամին: «Ես կոչ եմ անում՝ եթե որևէ անվստահության էջ եղել է, փակել այդ էջը, մենք պետք է նոր շունչ տանք Համահայկական հիմնադրամին», - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:

Ստուգումները Համահայկական հիմնադրամում շարունակվում են: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ, ըստ ամենայնի, նախկին տնօրենի գործունեության պատճառով Հիմնադրամի գումարների հետ որևէ բան չի եղել: Փաշինյանը խոսել է նաև Համահայկական հիմնադրամում նոր մեխանիզմ ներդնելու մասին, որով ցանկացողները կկարողանան բանկային քարտով ամսական իրենց նշած չափով ավտոմատ փոխանցում անել:

««Հայաստան» Համահայկական հիմնադրամի յուրաքանչյուր նվիրատու ցանկացած պահի աշխարհի ցանկացած ծայրից պետք է հնարավորություն ունենա տեղեկանալ, թե ինչ է կատարվում հիմնադրամի գումարների հետ», - ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թափանցիկութունն ու վստահությունը գլխավոր սկզբունքներն են, որոնցով շարունակելու է աշխատել Համահայկական հիմնադրամը:

">