Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն ԱՄՆ դոլար
Հրապարակվել է Հոկտեմբեր 22, 2018

Կանադայում տեղի է ունեցել ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը: Կանադահայերը գերազանցել են սպասումները:

Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար (1 մլն ամերիկյան դոլար): «Մեծ սրտով փոքր Տորոնտոյի հավաքագրած գումարը կնպաստի Հայաստանում ու Արցախում մեր ծրագերը շարունակելուն և նորերը իրականացնելուն », - շնորհակալություն հայտնելով նվիրատուներին՝ ասել է կազմակերպության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը:

Ճաշկերույթին ներկա է եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրենը: «Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտի համար հաշվետու ենք, յուրաքանչյուր ցենտ ծառայելու է իր նպատակին, այն է՝ Հայաստանի ու Արցախի զարգացմանը», - ասել է Հայկակ Արշամյանը:

Տորոնտոյի դրամահավաքը հիանալի սկիզբ է Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2018-ին ընդառաջ, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսում: