Ուղտասարում Մոնթեի անվան դպրոց է կառուցվել
Հրապարակվել է Նոյեմբեր 07, 2018

«Առաջինում՝ մեկ, երկրորդում՝ չկա, երրորդում՝ երկու, չորրորդում՝ մեկ, հինգերորդում՝ մեկ, վեցերորդում՝ դե ես եմ …», - Արմանն այսպես իրենց դպրոցի տղաներին է հաշվում: Ուղտասարում տղա աշակերտները քիչ են, ստիպված են երկարամազիկների նազը տանել: «Դե ինչ անենք, աղջիկ են էլի», - ասում է Արմանը: Արագ-արագ քայլերով ուղեկցում է դեպի հին դպրոց: Նոր դպրոցի բացման արարողությունն է լինելու, չի ուզում բաց թողնել, բայց համաձայնել է 10 րոպե տրամադրել:

«Սիրո՞ւմ ես դպրոցը, Արման ջան»:

«Հինը՞: Չէ: Որ տեսնեք, դուք էլ չեք սիրի»:

Փակ է տարածքը, բայց Արմանը գիտի՝ ինչպես ներս մտնել ցանկապատի կողմից: Վագոն-դասասենյակների դռներն է բացում, իրենց «դասարան» ասվածը ցույց տալիս, իր նստարանը: Մինչև հիմա դպրոցում Արմանին ավելի շատ ռազմագիտություն առարկան էր հետաքրքիր, բայց դրա համար դեռ փոքր է: Ասում է՝ նորակառույց դպրոցի գունավոր ու լուսավոր հարկի տակ մյուս առարկաներն էլ կսիրի, երևի: «Հին դպրոց» կոչվածը Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում 2 տնակ-վագոն են: Տանիքից հոսում է, պատուհանների անցքերից քամի է փչում: Գյուղական վառարանն էլ չի տաքացնում այնքան, որ մի քանի ժամ երեխաները գրիչը կարողանան պահել:

«Արման, վզկապդ եմ բերել, կանչում են», - Գագիկը եկել է շտապեցնելու: Մի քանի թաղամաս այն կողմ Ուղտասարում սպասված տոն է նախապատրաստվում: Նոր դպրոցի բացումն է: Արմանն ու Գագիկը տեղ են զբաղեցնում երկարամազիկ դասընկերուհիների կողքին:

Թավ ձայնով պարոն Մկրտիչը Մոնթեին նվիրված խոսքեր է արտասանում: Աղավնի է բարձրանում Ուղտասարի երկինք: Ավոն ուղտի սապատի տեսք ունեցող այս լեռներում է ընկել, Ուղտասարում նրա անվան դպրոց պետք է լիներ. պարոն Մկրտիչի և ուղտասարցնիների ընդհանուր հայտարարն էր: Մոնթեի այրու մաղթանք-շնորհավորանքն էլ ունեն: Այն պարոն Մկրտիչն է ընթերցում:

Արցախում գրեթե չի մնացել համայնք, որտեղ Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության ղեկավարին՝ Մկրտիչ Մկրտչյանին չճանաչեն, չսիրեն, չսպասեն: Ուղտասարում էլ է նա աստղ:

Տորոնտոհայերի ֆինանսավորմամբ է կառուցվել ու կահավորվել Ուղտասարի դպրոցը: 80 երեխայի համար է նախատեսված, հիմա 39 աշակերտ են: Կշատանան, անպայման՝ վստահ է պարոն Մկրտիչը: Նորաբաց դպրոցի սաներին նվերներ էին ուղարկել նաև բրազիլահայերը: Գրենական պիտույքներով լի պայուսակներով տաքուկ ու հարմարավետ դասասենյակներում են վերսկսում աշնանային ուսումնական տարին ուղտասարցի դպրոցականները:

Հիմնադրամի հաջորդ ծրագիրը Ուղտասարում ջրի խնդրի լուծումն է լինելու՝ խոստանում է Մկրտիչ Մկրտչյանը: Նրան շուտ բաց չեն թողնում: Նռան, արքայախնձորի և ուժեղ տղամարդկանց ու իմաստուն կանանց երկրի այս անկյունում էլ է ամրանում Կանադա-Հայաստան-Արցախ կապը: